fbpx
Մշակույթ

«Մեծամոր» պատմահնագիտական թանգարանում նշել են Կորյուն Մկրտչյանի ծննդյան 90-ամյակը

«Մեծամոր»  պատմահնագիտական  թանգարանում  նշել  են  Հայկական  ՍՍՀ վաստակավոր  երկրաբան, «Մեծամոր» արգելոց-թանգարանի հիմնադիր Կորյուն Մկրտչյանի ծննդյան  90-ամյակը: Արգելոց-թանգարանում  էին  հավաքվել մեծանուն հայի  հարազատները, ընկերները,  գիտության` երկրաբանության, հնագիտության ոլորտում  նրա  ներդրած  ավանդը  բարձր  գնահատողները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, Կորյուն Մկրտչյանը  բացառիկ  դեր  է  ունեցել  Հայաստանի երկրաբանական կառուցվածքի  և  օգտակար  հանածոների  հետազոտման,  հետախուզման և հայտնաբերման գործում: Գիտնականի  ավանդն  անգնահատելի  է  նաև հնագիտության  ոլորտում:

«Կան  մարդիկ, ում  կյանքը  և  գործունեությունը  ուղղված  է  լինում  մի  գործի` սեփական կարողությունները,  անձը, գիտելիքները  հայրենիքին  նվիրելուն: Կորյուն Մկրտչյանը  այդպիսին էր»,- իր խոսքում ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր  Աշոտ  Փիլիպոսյանը:

ԵՊՀ  հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ պ․գ․դ. Հայկ Ավետիսյանի գնահատմամբ  էլ` գիտնականի կատարած աշխատանքը գիտակրթական հենք է ստեղծել հարենագիտության  համար:

Կորյուն Մկրտչյանը մեծ ավանդ ունի Մեծամոր հնավայրի հայտնաբերման և երկարատև ուսումնասիրության գործում։ 1964-1967 թթ․ նա հայտնաբերել է Մեծամորի  մետաղաձուլական  հնագույն  կենտրոնը,  եղել` հնագիտական պեղումների  համաղեկավարը: 1970-1976 թթ․ հիմնել  է  «Մեծամոր»-ի  թանգարանը, հետագայում  կազմակերպել `առաջին  ցուցադրությունը:

Անվանի գիտնականը չէր կարող անտարբեր մնալ  Հայաստանի համար կարևորագույն ժամանակաշրջանում` Սպիտակի երկրաշարժ  ու  Արցախ: 1988-ի աղետի առաջին օրերին նա մեկնել  է  Գյումրի: Կատարած դիտարկումների և սեյսմատեկտոնական հետազոտությունների արդյունքները հետագայում շարադրել է լայնածավալ  հաշվետվությունում: 1988-ին էլ` այցելելով Լեռնային Ղարաբաղ ու կանխատեսելով շրջափակումը, առաջարկել է հետախուզել  ու  շահագործման հանձնել  Մաղավուզի  ածխի  հանքավայրը:

«Նրա  գործունեության աշխարհագրական ընդգրկումը շատ մեծ է: Սխալված չեմ լինի, եթե ասեմ` Հայաստանի  ողջ տարածքը, Աղստևի հովտից  մինչև  Եմեն, Մեծամորից` մինչև  Բեռլին: Կորյուն Մկրտչյան մտավորականի պրպտող միտքը իր մասնագիտական տիրույթից  զատ  անցում  է  կատարել  հնագիտության  ու պատմագիտություն  ոլորտներ: Արժեքավոր են նաև Գլաձորի համալսարանի 700-ամյակին նվիրված ու Շատիվանքի մասին նրա աշխատությունները», -ասել է «Պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը:

ՊՈԱԿ-ի տնօրենը  իր խոսքը եզրափակել է երկրաբաններին բնորոշ  ձևակերպմամբ` ոչինչ  չի  կորցրել, բայց ամբողջ օրը որոնում է:

Անվանի  գիտնականի կնոջ` Աշխեն Ղարաքեշիշյանի համար Մեծամորը սրբավայր է իր  համար:  Նրա խոսքով  աշխատանքից հետո ամեն օր Կորյուն  Մկրտչյանը գնում  էր  Մեծամոր  ու  մինչև  ուշ  գիշեր  աշխատում:

ՀՀ ԳԱԱ ակադեմիայի արտասահմանյան անդամ, հնագետ Գրիգոր Արեշյանի համոզմամբ Մեծամորի թանգարանը չէր լինի, եթե  չլիներ Կորյուն Մկրտչյանի եռանդը, ավյունը: Կ. Մկրտչյանի շնորհիվ  1971 թ. «Նյու-Յորք Թայմս»-ը  անդրադարձել  է Մեծամորին:  Նրա խոսքով  անվանի գիտնականը  ազնիվ,  շիտակ, բազմակողմանի  զարգացած  ու կարծրատիպեր  կոտրող  մարդ էր:

Միջոցառմանը ներկա էր  նաև  մասնագիտությամբ երկրաբան  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը,  ում  փոխանցմամբ  մեծ հայրենասեր Կորյուն Մկրտչյանի հիմնադրած «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ոչ միայն գիտական, այլ  նաև` ռազմավարական  նշանակություն  ունի  ամբողջ տարածաշրջանի համար:

Մեծամոր հնավայրի տարածքում այսօր էլ պեղումներ են իրականացվում /վերսկսվել են 2013 թ.-ից/: Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ  Զաքյանի  տեղեկացմամբ ներկայում թանգարանի  ֆոնդերում  28. 000  թանգարանային  առարկա  կա:

Անվանի  գիտնականը  հարուստ  գրավոր  ժառանգություն  թողել` քառասունից ավելի  տպագիր և նույնքան էլ` ձեռագիր  աշխատանքներ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել նաև Կ. Մկրտչյանի ընտանիքի  ջանքերով հրատարակված  ու  գիտնականի աշխատանքային գործունեությանը  նվիրված գրքերի շնորհանդեսը,  ցուցադրվել` «Կորյուն Մկրտչյան. դիմանկար» փաստավավերագրական  ֆիլմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ