«Հրապարակ» թերթը գրում է.
«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի 1-ին ազատվեց աշխատանքից։ Նրա և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոնֆլիկտն արդեն հանրային հնչեղություն էր ստացել, և վարչապետը որոշեց տեսչական մարմնի ղեկավարին ազատելով՝ լուծել խնդիրը։ Այժմ տեսչական մարմնի նոր ղեկավար է ընտրվելու։
Մենք տեղեկացանք, որ արդեն առողջապահական խորհրդի նիստ հրավիրելու մասին ծանուցումներ են ուղարկվել խորհրդի անդամներին՝ օգոստոսի 29-ին հրավիրվելիք նիստի մասին, որի ժամանակ էլ ընտրվելու է տեսչական մարմնի ղեկավար։ Արդեն կա 5 թեկնածու՝ Դավիթ Մելիք-Նուբարյան, Գևորգ Մամիկոնյան, Արա Եղոյան, Հակոբ Ավագյան և Արա Մկրտչյան։
Արա Եղոյանի թեկնածությունը ներկայացրել է առողջապահության նախարարը․ նա կրթությամբ ճարտարագետ-տնտեսագետ է, աշխատել է սոցապհիմնադրամում, ապա՝ ՊԵԿ-ում, 18-ի օգոստոսից ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի բաժնի պետն է։
Մրցակցությունը, ըստ ամենայնի, գնալու է Եղոյանի և առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության նախկին պետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի աշխատակից Դավիթ Մելիք-Նուբարյանի միջև, ով ինքնառաջադրվել է։ Նա 2018-ի մայիսին հեռացավ նախարարությունից, թեև Արսեն Թորոսյանը, հունիսի 4-ին անդրադառնալով նրա հեռանալուն, ասաց, որ Մելիք-Նուբարյանը գնացել է իր կամքով՝ հակառակ Թորոսյանի՝ մնալու և աշխատելու խնդրանքին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում