«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսից «քցվածներից» ևս մեկը պատրաստվում է դատական կարգով ստանալ իր գումարները։ Խոսքը «Սասունասար» շինարարական ՍՊԸ-ի մասին է։ Տնօրեն Անդրանիկ Ստեփանյանը փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կորոշի հայցում նշվելիք պահանջի չափը։ Դեռևս տարիներ առաջ՝ 2006-ին, Մայր Աթոռի Հայորդաց տան, ինչպես նաև Սևանի վանական համալիրի բարեկարգման աշխատանքների համար մրցույթում նա հաղթել է, աշխատանքներ իրականացրել։
Նախահաշվով Մայր Աթոռը պարտավորվել է ընկերությանը վճարել 418 միլիոն 13 հազար 480 դրամ՝ Հայորդաց տան, և 84 միլիոն 967 հազար 300 դրամ՝ Սևանի վանական համալիրի բարեկարգման համար: 2010 թվականին հանձնվել են աշխատանքները, սակայն գումարի մի մասը չի վճարվել: Ըստ Ստեփանյանի՝ Մայր Աթոռն իրեն պարտք է մնացել մոտ 150 միլիոն դրամ, որից «անորակ աշխատանքների» գումարը հանել են, մնացել է մոտ 80 միլիոն:
Հանձնաժողովը ներկայացրել է վճարման, սակայն Վեհափառը հրահանգել է՝ ոչ մի վճարում: Մենք տարիներ առաջ անդրադարձել էինք այս պատմությանը, որ «անորակ աշխատանքն ու թերացումներն» արձանագրում է կաթողիկոսը, ով անձամբ է ստուգում կատարված աշխատանքները․ «Մետրը ձեռը՝ կաթողիկոսն անձամբ ծունկը խփում էր գետնին, կռանում ու չափում պարկետը, ասում էր՝ ծուռ եք արել, անորակ է և վերջ»։
Ստեփանյանը պնդում է, որ անորակ աշխատանքի խնդիր չկար։ Նա տարիներ առաջ բաց նամակներ է ուղղել ՀՀ նախագահին, ԱԺ-ին, ՄԻՊ-ին, սակայն պատասխան է ստացել՝ եկեղեցու գործերին չենք խառնվում։ Դատարան չի դիմել շրջապատի խորհրդով։ «Դու ո՞վ ես, որ կարողանաս կաթողիկոսի վրա»,- ասել են մտերիմները։ Իշխանափոխությունից հետո գոտեպնդվել է ու վստահում է այն հավաստիացումներին, թե դատարանների վրա այլևս որևէ մեկն ազդեցություն չի գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: