fbpx
Մարզեր

Բողոքի ակցիա. Ալավերդու վարորդները դժգոհ են ճանապարհաշինական ընկերությունից

Այսօր Ալավերդու վարորդները փակել են Մ6 միջպետական ճանապարհը: Նրանք բողոքում են այս հատվածում աշխատող ճանապարհաշինական ընկերությունից: Բողոքողները նույնիսկ ավտոերթով շրջել են քաղաքում:

Դեռևս մայիսին «Էյ-Էյ-Բի» ընկերությունից խոստացել էին, որ քաղաքի հատվածում ասֆալտի գոնե առաջին շերտը պատրաստ կլինի սեպտեմբերին, այնինչ հիմա աշխատանքները դադարեցված են, աշխատողների մի մասին ընկերությունը տուն է ուղարկել, իսկ վարորդների խոսքով՝ հիմնանորոգվող միջպետական ճանապարհին արդեն տևական ժամանակ տեխնիկական միջոցներ չեն աշխատում:

Վարորդներից բացի, ակցիային միացել են նաև բնակիչներ քաղաքի տարբեր թաղամասերից, ովքեր նշում են, որ արդեն մեկ տարի ճանապարհի ասֆալտի շերտը հեռացված է, ինչի պատճառով փոշու մեջ են ապրում, անձրևոտ եղանակներին էլ՝ ցեխի, իսկ վարորդները քանդված ճանապարհների պատճառով մեծ վնասներ են կրում։

Մոտ կես ժամ միջպետական ճանապարհը փակ պահելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները Ալավերդի համայնքի ղեկավարի և Թումանյանի ոստիկանապետի հորդորով որոշեցին այն բացել՝ պատասխանատու գերատեսչության ԾԻԳ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման պայմանով։

Ցուցարարները հայտարարեցին, որ այսօր՝ ուղիղ ժամը 16։00-ին, կրկին հավաքվելու են նույն տեղում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ