fbpx
Աշխարհ

Դուք պետք է սովորեք եղածը կիսել․ Չավուշօղլուի հակակիպրական ելույթը

Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ ուղերձներ պարունակող ելույթ է ունեցել: Նա մասնավորապես անդրադարձել է Միջերկրական ծովի՝ բնական պաշարներով հարուստ արևելյան հատվածներում երկար ժամանակ տիրող լարվածությանը:

Բանն այն է, որ Թուրքիան իրեն իրավասում է համարում օգտվելու այդ պաշարներից, մինչդեռ Կիպրոսը, Հունաստանն ու շատ այլ երկրներ դա համարում են Անկարայի կողմից կիպրական բացառիկ տնտեսական գոտու խախտում և պահանջում իսկույն դադարեցնել հորատման աշխատանքները։

Նախարարը հատուկ շեշտել է, որ Թուրքիան անզիջում և անվարան կերպով միշտ եղել է ու կլինի Կիպրոսի թուրքերի բնակչության կողքին: Միևնույն ժամանակ Կիպրոսի հույներին հասցեագրել հետևյալ խոսքերը. «Ով էլ կանգնած լինի ձեր թիկունքին, լինի դա Եվրամիությունը թե Հունաստանը, կապ չունի, ով ուզում է լինի, ոչ ոք չի կարողացել ու չի կարողանալու խանգարել մեր գործողություններն Արևելյան Միջերկրականում: Իսկ դուք այստեղ մի բան միայն պետք է անեք, դա եղածը կիսել սովորելն է»:

Հիշեցնենք, որ 1974թ. հոկտեմբերի 20-ին թուրքական զորքը ներխուժել և օկուպացրել է կիպրական տարածքների 3%-ը: Օգոստոսին թուրքական 40 հազարանոց բանակը իրականացրել է 2-րդ հարձակումը: Գրոհելով տանկային շարասյունով՝ գրավել է Կիպրոս կղզու 37%-ը: Թուրքական զորքի ներխուժումից հետո Կիպրոսը բաժանվել է երկու մասի` հունական և թուրքական: Առ այսօր կիպրական հարցը մնում է չլուծված:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ