fbpx
Իրավական

Փախչող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց.

«Երևի դատախազության համար դա հասկանալի չէ, բայց ես այն տեսակի մարդը չեմ, որը կարող է ինչ-որ բանից փախնել: Նման փաստեր չկան: Չկա սուբյեկտը, որի վրա պետք է ազդեի՝ ինչ-որ բան փոխելու համար: Եթե փախնող լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին»:

Քոչարյանը նշեց, որ քրեական գործում իրեն առնչվող ընդամենը երկու-երեք դրվագ կա:

«Առաջինը դա հանդիպումն է բարձրագույն զինվորական կազմի հետ նախագահականում: Հարցաքննվել են 12-13 հոգի, ներկա եղել՝ մոտ 25-ը: Ես ուղղակի ելույթ եմ ունեցել: Որպես դատավոր՝ կարող եք ծանոթանալ ցուցմունքների հետ համոզվելու համար՝ ես ինչ-որ բան այստեղ փոխելու մտադրություն պե՞տք է ունենամ, թե ոչ:

Մյուս դրվագն այն է, որ կան ինձ հետ շփված-զրուցած մարդկանց ցուցմունքներ»,-ասաց նա։

Այդ մարդկանց թվում ՀՀ երկրորդ նախագահը նշեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին, որի հետ քննարկել է արտակարգ դրության հրամանագիրը, այնուհետև Սերժ Սարգսյանին, որի հետ՝ որպես վարչապետի համաձայնեցրել է:

«Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ ինձ տեղյակ է պահել ինչ-որ գործողությունների մասով: Արմեն Գևորգյանին էլ հանձնարարվել էր հրամանագիրը պատրաստել: Վերջ: Չկա էլ մարդ, որը ինձ հետ շփված կլինի որևէ կերպ:

Ես չեմ մերժում այդ ցուցմունքները, ես ինչո՞ւ պետք է ազդեմ: Ասել են այն, ինչ եղել է, բացի Արշակ Կարապետյանից, որը ճիշտ նկարագրելով այդ հանդիպումը, մի բան է ասել, որն իրականությանը չի համապատասխանում, թե իբրև ես բանավոր եմ հայտարարել արտակարգ դրություն: Դա աբսուրդ է, բանավոր չի լինում արտակարգ դրություն»,-հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ