2019թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի, Սյունիքի մարզային և Մեղրու համայնքային իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփվեց Մեղրիում ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված մշակութային պահպանության ծրագիրը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը երեք տարի առաջ մեկնարկած այս ծրագրի իրականացման նպատակով տրամադրել է 510․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Սա Հիմնադրամի կողմից մինչ օրս ֆինանսավորված ամենախոշոր ծրագիրն է Հայաստանում, որով պահպանության աշխատանքներ են իրականացվել Սբ․ Հովհաննես եկեղեցու առավել վտանգված հատվածներում և վերականգնվել են այնտեղ գտնվող 17-րդ դարի եզակի որմնանկարները, որոնցում մեկտեղված են հայկական և պարսկական որմնանկարչության ինքնատիպ ոճերը։
Ծրագրի իրականացման նպատակով ԱՄՆ դեսպանությունը համագործակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԱՄԱՓ» Մարդկային զարգացման ՀԿ-ի հետ։ Պահպանության աշխատանքները մեկնարկեցին մանրակրկիտ հետազոտական աշխատանքներով, ապա ձևավորվեց ջրահեռացման համակարգը, փոխվեց տանիքը, տեղադրվեց օդափոխության համակարգը և բարեկարգվեց դեպի եկեղեցի տանող ճանապարհը։ Այս աշխատանքներին զուգահեռ մասնագիտական թիմը զբաղված էր եկեղեցում գտնվող որմնանկարների վերականգնմամբ։
«Միացյալ Նահանգների կառավարությունն ու ժողովուրդը մեծ հարգանք ու ակնածանք են տածում Հայաստանի հարուստ պատմության և ժառանգության նկատմամբ, և ինձ համար պատիվ է, որ մենք մեր ներդրում ենք ունեցել Սբ․ Հովհաննես եկեղեցու պահպանության հարցում։ Նմանօրինակ ծրագրերի շնորհիվ ապագա սերունդներն իմանում են հայկական մշակույթի ակունքների մասին։ Միացյալ Նահանգները հպարտ է, որ 2005թ․ սկսած Դեսպանների հիմնադրամի միջոցով կարողացել է հայաստանյան մշակույթի պահպանությանն ուղղել ավելի քան 1 միլիոն ԱՄՆ դոլար», – իր խոսքում փաստեց դեսպան Թրեյսին։
Այցի ընթացքում դեսպան Թրեյսին շրջեց եկեղեցում և տեղում ծանոթացավ տարիների ընթացքում կատարված մանրակրկիտ աշխատանքին: Մեղրու ծրագիրն արդեն ավարտվել է, սակայն ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատանքը հայ գործընկերների հետ մշակութային ժառանգությունը պահպանելու և այն ապագա սերունդներին ներկայացնելու հարցում։ Մեղրու ամփոփիչ միջոցառման ժամանակ դեսպան Թրեյսին հայտարարեց Դեսպանների մշակութային պահպանության հիմնադրամի նոր՝ Լոռու մարզի Սանահին վանական համալիրի ծրագրի մասին։ Հատկացվել է 100․000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ։
ԱՄՆ պետքարտուղարությունը 2000թ. ստեղծել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը՝ ընդունելով, որ մշակութային ժառանգության ընդհանրությունները նշանավորելը միավորում է երկրներին ու ժողովուրդներին: 2005թ.-ից ի վեր ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը միջոցներ է տրամադրել Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման համար՝ ֆինանսավորելով այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են՝ Նորատուսի միջնադարյան գերեզմանատան և խաչքարերի հավաքածուի քարտեզավորումն ու արժեքների ցուցակագրումը, Գառնու միջնադարյան քարակառույց կամուրջի պահպանումը, Արենու քարանձավի պահպանությունը և ավանդական հայկական երաժշտության և պարերի հավաքագրումը: