Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը հարցազրույց է տվել Grayzone պորտալին և պատմել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին բանտում պահելու պայմանների մասին:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները Ասանժին պահում են ավելի վատ պայմաններում, քան ահաբեկիչներին:
Հրաֆնսոնը նշել է, որ բանտում Ասանժի պահման սարսափելի պայմանները նրա համար անհնարին են դարձնում ԱՄՆ արտահանձնման դեմ պայքարը:
Հիշեցնենք, որ Վեստմինսթերի մագիստրատական դատարանը վճռել է, որ Ասանժը ազատազրկված կլինի ԱՄՆ արտահանձնման մասին գործը քննելու ժամանակ:
Ասանժը, որը մեղադրվել էր Շվեդիայում 2010 թվականին սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ, թաքնվում էր 2012 թվականի հունիսից Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով սկանդինավյան երկիր արտահանձնումից: 2019 թվականի ապրիլի 11-ի առավոտյան նա ձերբակալվել էր ԱՄՆ-ի հարցման հիման վրա: Լոնդոնի դատարանը մեղավոր էր ճանաչել նրան գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար՝ սահմանելով 11 ամսվա ազատազրկմամբ պատիժ: Արտահանձնման հարցով լսումները մեկնարկել են մայիսի 2-ին:
ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են մայիսի վերջում, որ Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել լրտեսության և գաղտնի տեղեկատվության բացահայտման մասին օրենքը խախտելու հատկանիշներով: Ավելի վաղ նա մեղադրվել էր դավադրության մեջ համակարգչային մեքենայությունների նպատակով: Ասանժին ԱՄՆ արտահանձնելու դեպքում նրան սպառնում է երկարամյա ազատազրկում բանտում: