fbpx
Տնտեսություն

Ղազախստանի նախագահը հաջող է գնահատել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունը

Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը լինելու է կարևոր քայլ ինտեգրացիոն զարգացման հաջող ընթացքի համար: Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում ունեցած ելույթում նշեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայկական կողմին, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի ընդունելության համար: Կցանկանայի նշել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահությունն անցնում է հաջողությամբ, և այն իր օգտակար ներդրումն է ունենում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցում: Շնորհակալություն եմ հայտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին, որն էական ներդրում ունի մեր կազմակերպության ինտեգրացիոն գործընթացի զարգացման գործում»,-ասաց Ղազախստանի նախագահը:

Նա վստահություն հայտնեց Երևանում անցկացվող Բարձրագույն խորհրդի նիստի արդյունավետության հարցում: Ղազախստանի նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային առևտրի ոլորտում կարևոր օղակներից մեկը: Փոխադարձ շահավետ համագործակցության համար այն բաց է արտաքին գործընկերների հետ:

«Այդուհանդերձ շատ արագ աճող մրցակցությունը, առևտրային պատերազմները իրենց բացասական հետևանքներն են թողնում համաշխարհային տնտեսության կայունության վրա: Այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների, որոնց լուծումները կօգնեն հաղթահարել նշված բացասական գործընթացները»,-ասաց նա:

Ղազախստանի նախագահի փոխանցմամբ՝ ընթացիկ տարում նկատվում է առևտրաշրջանառության ծավալի կրճատում: 2019 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ ԵԱՏՄ-ի առևտրաշրջանառությունը երրորդ երկրների հետ կրճատվել է 2 տոկոսով, միության անդամ երկրների առևտրաշրջանառությունը՝ ավելի քան 5 տոկոսով:

«Համաձայնեք, որ դա դրական միտում չէ: Գլոբալ դժվարին իրավիճակում շատ կարևոր է, որ կարողանանք ապահովել կայուն տնտեսական աճ մեր պետությունների համար, իսկ դա հնարավոր է ռեալ և փոխադարձ շահավետ համագործակցության պարագայում: Մեր երկրները պետք է շարունակեն վերացնել ներքին շուկայի արգելքները: Այս թեման մի քանի անգամ ենք քննարկել, այսօր ևս անդրադարձ է եղել: Մենք ստեղծել ենք անհրաժեշտ նորմատիվ բազա ազատ առևտրի համար, դա, իհարկե, հաջողություն է, սակայն դեռ անելիքներ կան այս ուղղությամբ՝ տարբեր սահմանափակումներ վերացնելու համար»,-ասաց նա:

Ղազախստանի նախագահի խոսքով` ԵԱՏՄ-ն գտնվում է համաշխարհային շուկաների խաչմերուկում, այս ուղղությամբ ներուժը բավական մեծ է, այսօր միությունը համարվում է կարևոր տրանսպորտային հանգույց՝ կապելով Արևելքն ու Արևմուտքը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է այդ հնարավորություններից ճիշտ օգտվել:

Նա կարևորեց առաջատար տեխնոլոգիաների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, տնտեսության թվայնացումը: Կասիմ Ժոմարտ-Տոկաևը տեղեկացրեց, որ Ղազախստանում այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են:

Նա առանձնացրեց ԵԱՏՄ-ի գործընկերների շրջանակն ընդլայնելու աշխատանքները: Մասնավորապես խոսեց Սինգապուրի և Իրանի հետ կնքված համապատասխան համաձայնագրերի մասին՝ ընդգծելով, որ լուրջ հնարավորություններ են բացվում: Նա տեղեկացրեց, որ Իրանի հետ համագործակցության համաձայնագիրն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 27-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ