fbpx
Իրավական

Արսեն Թորոսյանի գործողությունների մեջ հանցակազմ կա․ Դավիթ Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են, և նրա փաստաբան Արսեն Սարդարյանն այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում անդրադարձան Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Դավիթ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա։ Ըստ նրա՝ դա կեղծ ցուցմունքն է:

«Ես կարեկցում եմ Թորոսյանին, հանցակազմ կա Թորոսյանի գործողությունների մեջ, և դա կեղծ ցուցմունքն է, ես ասել եմ, որ իմ աշխատողը իրավունք չունի մասնակցել տենդերին: Թորոսյանն ասել է, որ ես էլ բիզնես ունեմ։ Կարևորը դա չէ, կարևորը պետության շահն է, իրեն հետաքրքիր չէր, որ պետական աշխատողը տենդերին մասնակցում է»,-ասաց նա։

Դավիթ Սանասարյանը նաև նշեց, որ վարչապետին դեռ վաղուց է գրել, որ եթե անվստահություն կա իր նկատմամբ, ինքը հրաժարական կտա, իսկ վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա, կա ցուցմունք, քրեական գործի ավարտից հետո կհասկանան:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանն իր հերթին ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքները, ֆեյսբուքյան գրառումները, որտեղ Դավիթ Սանասարյանն ընկերական բնույթի խոսակցության ժամանակ ասել է, որ օրենքի տառին համապատասխան պետք է իրականացվի առողջապահական սարքավորումների գնման մրցույթի գործընթացը:

«Հետևյալ իրավաբանությունը կա, որ եթե հիմք ընդունենք Թորոսյանի ցուցմունքը, եթե եղել է հանցակազմ, ապա նա օժանդակողն է, այլապես ինչպե՞ս կարող ենք հասկանալ այն, որ Առողջապահության նախարարությունն այս գործընթացին աջակցում է՝ իմանալով, որ ՊՎԾ աշխատակիցներն են մասնակցում տենդերին, այդտեղ հանցակազմ չկա»,-ասաց նա՝ հավելելով, որ Դավիթ Սանասարյանը չի իմացել, որ իր աշխատակիցները մասնակցում են տենդերին, հետևաբար՝ նրա գործողություններում հանցակազմ չկա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ