Սիրիական բանակը մտել է Սիրիայի Ռաքքա շրջանի Թաբկա քաղաք, որը քրդերի հսկողության տակ է, և շարժվում է հյուսիս: Այս մասին տեղեկացնում Al-Mayadeen հեռուստաալիքը:
Սիրիական իշխանությունների կողմից այս առնչությամբ պաշտոնական հայտարարություններ դեռ չեն արվել:
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների ինքնավար վարչությունը կիրակի՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել սիրիական իշխանությունների հետ՝ սիրիական բանակը թուրք-սիրիական սահմանի երկայնքով դիրքավորելու հարցում, որպեսզի կարողանան դիմակայել թուրքական բանակի և թուրքամետ խմբավորումների հարվածներին:
Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: