Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Սիրիայում գործողությունների պատճառով պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի սպառնալիքներին: Այս մասին հայտարարությամբ նա ելույթ է ունեցել հոկտեմբերի 13-ի երեկոյան:
«Ովքեր մտածում են, որ այդ ձևով կարող են ստիպել Թուրքիային նահանջել, լրջորեն սխալվում են»,-ասել է Էրդողանը:
Այդ առիթով նաև ելույթ է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքով՝ Սիրիայի հյուսիսում գործողությունների նպատակը սիրիացի փախստականների՝ դեպի հայրենիք անվտանգ վերադարձի ապահովումն է:
«Եթե մենք վախենայինք պատժամիջոցներից, մենք չէինք սկսի գործողությունները: Մեզ համար դա ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունեցող հարց է»,-նշել է նա:
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրել է, որ համագործակցում է Լինդսի Գրեմի և Կոնգրեսի բազմաթիվ անդամների, ներառյալ՝ դեմոկրատների հետ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հզոր փաթեթ մշակելու ուղղությամբ:
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը: