Համակարգչային մոդելավորման օգնությամբ անթրոպոլոգների միջազգային խումբը հայտնաբերել է, որ վերջերս հայտնաբերված Homo floresiensis և Homo luzonensis մարդկային տեսակների ներկայացուցիչների գաճաճությունը պայմանավորված է շատ արագ էվոլյուցիայով, ինչի արդյունքում այդ մարդիկ դարձել են փոքրիկ և հարմարվել հեռավոր կղզիների կյանքին: Այս մասին գրում է Live Science-ը։
2004 թվականին հնագետները Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հայտնաբերեցին լավ պահպանված մարդկանց մնացորդներ, որոնց անվանեցին «հոբիտներ»՝ խիստ կարճահասակության պատճառով:
Պաշտոնապես նոր մարդկային տեսակը ստացավ Homo floresiensis անվանումը։ Այս տարի անթրոպոլոգները Ֆիլիպիններում հայտնաբերել են նոր կարճահասակ մարդկային տեսակ՝ Homo luzonensis։
Կենդանաբան Բրիսթոլ Ֆոսթերը հետազոտություն է անցկացրել և պարզել, թե ինչպես են այդ մարդիկ հայտնվել կղզում: Ըստ դրա, երբ խոշորամարմին տեսակը հայտնվում է կղզում, սկսում է ենթարկվել էվոլյուցիայի՝ ջանալով փոքրանալ չափերով։
Հետազոտական խումբը մշակել է համակարգչային մոդել, որի համաձայն՝ Homo erectus տեսակի նորմալ չափի մարդիկ գաղութացնում են կղզին։ Նրանց երեխաները մեծանում են՝ կախված այն բանից, թե որքան սնունդ ունեն։ «Կղզու կանոնն» այն է, որ առանձնյակները ավելի շատ սերունդներ են թողնում կղզում։ Իսկ սերունդը ժառանգում է մարմնի ինչպես մեծ, այնպես էլ փոքր չափերի գեները։
10 հազար սիմուլյացիայից հետո գիտնականները հայտնաբերել են, որ խոշոր մարդկանց վերածումը գաճաճների նշյալ կղզիներում պետք է տեղի ունեցած լինի 350 սերնդի ընթացքում, հաշվի առնելով, որ երիտասարդ կինը առաջին երեխային ունենում է միջինը 15 տարեկանում։ Այսինքն՝ ինդոնեզական «հոբիտները» և նրանց ֆիլիպինյան ազգականները անցել են 10 հազար տարվա էվոլյուցիոն ճանապարհ։ Համաշխարհային պատմության մասշտաբով դա ընդամենը ակնթարթ է։