ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հղած նամակում նախազգուշացրել է չհիմարանալ ու միաժամանակ հայտարարել, որ նրան վտանգ է սպառնում պատմության մեջ մնալ որպես հրեշ: ԱՄՆ նախագահը նամակը Էրդողանին է ուղարկել Սիրիա թուրքական զորքերի ներխուժման օրը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը:
Նամակը, որն առաջինը հայտնվել է Fox Business-ի թղթակից Թրիշ Ռեգանի տրամադրության տակ, կարճ բովանդակություն ուներ և սկսվում էր բացահայտ սպառնալիքով:
«Եկեք լավ գործարք կնքենք․ Դուք չեք ցանկանում պատասխանատվություն կրել հազարավոր մարդկանց սպանության համար, իսկ ես չեմ ուզում պատասխանատվություն կրել թուրքական տնտեսության կործանման համար, բայց ես կանեմ դա»,-նշվում է նամակում:
ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ պատմությունը Թուրքիայի նախագահի հանդեպ բարեհաճ կլինի, եթե նա վարվի մարդասիրության սկզբունքներով, բայց նա դրանում կմնա որպես հրեշ, եթե փոխարենը լավ բան տեղի չունենա:
«Մի՛ եղեք համառ: Մի՛ եղեք հիմար: Ես Ձեզ ավելի ուշ կզանգահարեմ»,-պարզաբանված է նամակում:
Չնայած այն հանգամանքին՝ սկզբնական շրջանում նամակը թերահավատորեն են ընդունել, այնուամենայնիվ, նշվում է՝ Սպիտակ տունը տարբեր լրատվամիջոցներին արձագանքելով՝ հաստատել է վերջինիս իսկությունը: