Երեկ ՀՔԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Արսեն Բաբայանին ձերբակալել են ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բաբաջանյանը:
«Մասնավորեցնելով Գլխավոր դատախազին Հ. Թովմասյանի և մյուսների կողմից իշխանության յուրացման վերաբերյալ հաղորդմանս մեջ նշված հանգամանքները՝ հավելյալ տեղեկություններ եմ հայտնել ՀՔԾ՝ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը։ Իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը»,- գրել է պատգամավորը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին:
ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է: