fbpx
Իրավական

Անձնական տվյալներ հավաքագրելու որոշման նախագիծը կամայականության դրսևորում է․ ՀԿ-ների հայտարարությունը

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շրջանառության մեջ դրված որոշման նախագծի վերաբերյալ: Ըստ նախագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող ընկերությունները (ինտերնետ պրովայդերները) պարտավոր են հավաքագրել ու պահպանել իրենց բաժանորդների մասին այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտան իրավապահ մարմիններին անհրաժեշտության դեպքում պարզել, թե որ կայքերն է այցելել բաժանորդը, ինչ սարքավորում է օգտագործում նա Ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչպես նաև բաժանորդի կողմից էլ. փոստով հաղորդած նամակների օրը, ժամը և հասցեն։ Այդ բոլոր տեղեկությունները Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել երկու տարվա ընթացքում։ Ստորեւ` ՀԿ-ների հայտարարության տեքստը:

«Վերլուծելով Հանձնաժողովի որոշման նախագիծը ՀՀ օրենսդրական դաշտի ու միջազգային պրակտիկայի տեսանկյուններից եկել ենք այն եզրակացության, որ այդ փաստաթուղթը ու հակասում է ՀՀ մի շարք օրենքներին ու սահմանադրական դրույթներին։

Փաստացի Հանձնաժողովը որոշում է, որ Ինտերնետ պրովայդերները պարտավոր են պահպանել անձի այն տվյալները, որոնք ըստ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքում տրված սահմանմանը համարվում են անձնական տվյալներ, այն է՝ «ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը.»։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի պահանջն է, որ տվյալները պահպանվեն ու մշակվեն միայն այն դեպքում, երբ «տվյալների սուբյեկտը տվել է իր համաձայնությունը, բացառությամբ սույն օրենքով կամ այլ օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքում»։

Կարևորագույն պայմաններից է այն, որ անհատական տվյալ է համարվում այդ «ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացումը»։ Բաժանորդին հաղորդակցության պահին հատկացված IP համարը, որը փաստացի հնարավորություն է տալիս հայտնաբերել անձի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու սարքավորումների համարը, կարող է օգտագործվել բաժանորդի գտնվելու վայրը պարզելու համար։

Ոչ մի օրենք Հայաստանում թույլ չի տալիս էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցողին հավաքագրել ու օգտագործել այնպիսի տվյալներ, ինչպիսին են օրինակ՝ էլեկտրոնային փոստի հասցեն։ Ավելին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է, որ և IP համարի, և ինտերնետ օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID) հավասարեցվում են հեռախոսային խոսակցություններին, և նույն օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ այդ տվյալները կարող են վերահսկվել միայն դատարանի որոշման հիման վրա։

Բաժանորդի կողմից այս կամ այն տեղեկությունը փնտրելու կամ Ինտերնետ կայքը այցելելու մասին տեղեկությունները, օրինակ՝ ինտերնետ ծառայությունից օգտվելու սկիզբը և ավարտը, կարող է միանշանակ համարվել անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիք, իսկ անձնական կյանքի գաղտնիքը պաշտպանված է Սահմանադրության 31-րդ հոդվածով ու կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ զուտ ոլորտային վարչարարություն իրականացման համար ստեղծված մարմինը վերապահել է իրեն քաղաքացիների իրավունքները սահմանափակող մի նորմ, որը նախատեսված չէ օրենքով։ Փաստորեն ստեղծվում է մի նախադեպ, երբ ցանկացած ոլորտային կարգավորող մարմին կարող է խախտել մարդու հիմնարար իրավունքները ու ազատությունները։

Համարում ենք այս որոշման նախագիծը կամայականության դրսևորում ու պահանջում ենք անհապաղ հանել այն շրջանառությունից՝ որպես անօրինական և հակասահմանադրական»։

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Հանրային լրագրության ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ