fbpx
Զինված Ուժեր

Մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը:

«Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը նպատակ ունի ԶՈՒ կարիքներին համապատասխան վերապատրաստել զինված ուժերի սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել սպաների ռազմագիտական, վերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:

Ողջունելով դասընթացի մասնակիցներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է ՊԱՀՀ-ում մեկնարկած դասընթացի նպատակը և առաքելությունը, բարձր գնահատել դասընթացի ծրագրի մշակման ուղղությամբ իրականացրած մեծածավալ աշխատանքը, համոզմունք հայտնել, որ դասընթացի ծրագրում ներառված թեմաները մեծապես կնպաստեն սպաների հետագա ծառայության կազմակերպմանը։

Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ևս բարձր է գնահատել դասընթացի նշանակությունը, ընդգծել ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների սպաների և հրամանատարների վերապատրաստման կարևորությունը:

ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ տարի համալսարանում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:

Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ-ի լսարանների տեխնիկական հագեցվածությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Պն պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ