fbpx
Իրավական

ՍԴ դատավորը դեմ է եղել Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու դիմումը վարույթ ընդունելը մերժելու 2 հիմնավորումներին

ՍԴ դատավոր Արման Դիլանյանը կտրականապես համաձայն չի եղել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը վարույթ չընդունելու մասին ՍԴ որոշման երեք հիմնավորումներից երկուսի հետ։ Ասել է դատավորը՝ հայտնելով, որ համաձայն է միայն որոշման այն հիմնավորման հետ, որն ԱԺ-ի դիմումը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու մասին է։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 18-ին հրապարակեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության դիմումի հիման վրա Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործի քննությունը մերժելու հիմքերը։ Դրանք երեքն էին։

Նախ Սահմանադրական դատարանը նշում է, որ «ՍԴ մասին» օրենքով ՍԴ-ն իրավունք ունի լուծելու Դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցը, բայց և հիշեցնում է, որ ինչպես Սահմանադրությունն է ամրագրում, ՍԴ-ում պաշտոնավարում են «դատավորներ»։ Եվ թեպետ ԱԺ-ն իր դիմումի մեջ «ՍԴ անդամ» և «ՍԴ դատավոր» եզրույթները գործածել է որպես հոմանիշներ և դրա մասին նշել է նաև դիմումի սկզբում ու հավելվածի մեջ, ՍԴ-ն իր հիմնավորման մեջ գրել է, թե ԱԺ-ն իր որոշման մեջ Թովմասյանի նկատմամբ կիրառում է երկու տարբեր եզրույթներ՝ «սահմանադրական դատարանի անդամ» և «սահմանադրական դատարանի դատավոր»։

««ՍԴ դատավոր (անդամ)» եզրույթի կիրառումը չի համապատասխանում Ազգային ժողովի՝ ՍԴ դիմելուն վերաբերող սահմանադրական կարգավորումներին: Այդ եզրույթի կիրառումը չի համապատասխանում նաև օրենսդրական կարգավորումներին, այդ թվում` «ՍԴ մասին» օրենքի, Ազգային ժողովի որոշմամբ որպես հիմք նշված ԱԺ կանոնակարգի կարգավորումներին»,- մասնավորապես ասված է ՍԴ որոշման մեջ։

Գործի քննությունը մերժելու երկրորդ հիմքը ՍԴ-ն նշել է այն, որ ԱԺ-ն ՍԴ է դիմել Թովմասյանի՝ էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։ Իսկ «էական կարգապահական խախտում» կարող է դիտվել միայն դատավորի՝ ՍԴ-ի նիստերից առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը, երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կրկին կարգապահական խախտում կատարելը և դատավորի այնպիսի արարք կատարելը, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, կամ որն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Մինչդեռ, ըստ ՍԴ-ի որոշման հիմնավորումների, ԱԺ-ի դիմումում նման խախտումներ նշված չեն։

Հենց այս երկու հիմնավորումների հետ դատավոր Արման Դիլանյանը կտրականապես համաձայն չէ։

Շարունակությունը՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ