fbpx
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանի ելույթը «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» խորագրով նախարարական հանդիպմանը: Մնացականյանը հանդես է եկել ելույթով, որի ընթացքում նշել է.

«Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և խորհրդակցել մեր լեհ և շվեդ ընկերների հետ: Բայց հետ հայացք գցելով այս տասը տարիներին, դիտարկելով ներկա փուլը և հետագա տասը տարիները` կարծում եմ, որ դրա ռազմավարական կարևորությունը դժվար է գերագնահատել: Հիշեք 30 տարի առաջ, ուղիղ 30 տարի առաջ՝ Բեռլինի պատի փլուզումը, ազատության հաղթանակը, ժողովրդավարության, մարդու իրավունքների գաղափարախոսության գերակայությունը. այս ամենը նշանակություն ունեն նաև այսօր: Աշխարհի ռազմավարական դասավորվածությունը շատ տարբեր էր նրանից, ինչ մենք ունենք այսօր:

Կարծում եմ, տերմինաբանության առումով նույնպես առկա է իներցիա, թե ինչպես ենք մենք տեսնում Եվրոպան, Եվրամիությունը, ինչպիսին մենք գիտեինք այն 90-ականներին և ինչ ունենք այսօր: Ես պնդում եմ, որ Արևելյան գործընկերությունը հարևանություն չէ, այլ այն Եվրոպայի արևելյան հատվածն է: Եվ հենց դրանում է կայանում Արևելյան գործընկերության կարևորությունը: Այն Եվրոպայի արևելքը չէ, այլ ընկած է Եվրոպական Միության արևելքում, իսկ Եվրոպական Միությունն ամբողջ Եվրոպան չէ:

Մյուս կարևորագույն մարտահրավերն արժեքների, ընդհանուր արժեքների պահպանումն է: Մենք պետք է ընդունենք, որ առկա է մեր ընդհանուր արժեքների արժեզրկում: Այո, ես ներկայացնում եմ մի երկիր, որտեղ մեծ իրադարձություն է տեղի ունեցել՝ անցյալ տարվա թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դա հնարավոր եղավ ընդհանուր արժեքներին հավատարիմ լինելու շնորհիվ: Այս 28 տարիների ընթացքում՝ սկսած Հայաստանի անկախությունից, մենք հայտարարել ենք դրա մասին: Եղել են բազմաթիվ սայթաքումներ, մենք անցել ենք բազում դժվարությունների, ողբերգության միջով, սակայն հնարավոր եղավ իրականացնել նմանօրինակ հեղափոխություն, որովհետև ձևավորվել էր համապատասխան հիմք, և եվրոպական մոդելը, եվրոպական ընդհանուր արժեքներն ընկած էին դրա առանցքում: Աստիճանաբար ձևավորվել էր մի սերունդ, որը ունակ եղավ դուրս գալու և իրականացնելու այդ հեղափոխությունը:

Սակայն ընդհանուր արժեքներն ենթարկվում են մեծ ճշնման և ոչ միայն Արևելյան գործընկերության շրջանակներում: Այն, ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մեր հաշվետվողականությանը ժողովրդի առջև. դրանք շատ նպաստավոր են հակամարտությունների լուծման համար՝ ի տարբերություն ավտորիտար ռեժիմների: Մենք նաև պետք է ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում ընդհանուր արժեքների առումով, ինչ է տեղի ունենում Եվրոպայում: Դրա մասին պետք է շատ բաց խոսենք:

Ոչ ազատական ժողովրդավարությունների երևույթը նույնպես արժանի է դիտարկման: Դուք բոլորդ տեղյակ եք Բրեքսիթի մասին: Դա Եվրոպական Միության վերջը չէ, այլ վկայում է Եվրոպայի բազմազանության մասին: Ուստի՝ սա այն է, ինչ մեզ դարձնում է մեծ պատկերի մի մասնիկ: Մենք բոլորս ունենք մեր անհատական օրակարգը: Երկկողմ հարաբերությունների համատեքստում, ես կարծում եմ, որ Եվրոպական Միության հետ մեր հարաբերություններում կարևորագույն դեր ունեցավ ողջամտության զգացումը, որը գերակայեց և հանգեցրեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը: Այն տարբերվում է Ասոցացման համաձայնագրերից, սակայն, ըստ էության, համադրելի՝ առանց Խորը և ընդարձակ ազատ առևտրի համաձայնագրի: Ուստի՝ այո, մենք ունենք երկկողմ տարբեր օրակարգեր, սակայն պատկանելության զգացումը, Եվրոպայի ավելի մեծ պատկերը հենց այն է, ինչն ընկած է Արևելյան գործընկերության հիմքում: Եվ ես այն դիտարկում եմ մարտահրավերների ավելի լայն պատկերի մեջ. մարտահրավերներ, որոնց մենք բախվում ենք այսօր աշխարհում՝ ոչ թե անհատապես, մենք բոլորս ունենք անվտանգության տարբեր մարտահրավերներ, ոչ միայն հավաքական, այլ գլոբալ մակարդակով՝ Եվրոպայի համատեքստում, կարծում եմ՝ ահա այստեղ մենք պետք է հաշվարկենք, թե ինչ է Արևելյան գործընկերությունը Եվրոպայի ավելի լայն համատեքստում:

Մենք ունենք շատ կարևոր գործիքներ և միջոցներ, և դուք անդրադարձաք դրանց: Սրանք բոլորը շատ կարևոր են՝ թվայնացումից մինչև TENT և մնացած ամենը, ինչ մենք ունենք՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավորություն, մինչև փոքր և միջին ձեռնարկատիրություն. սրանք ենք գործիքները: Սակայն ես անդրադառնում եմ Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը և հենց դրանում եմ տեսնում վերջինիս արժեքը գալիք 10 տարիների համար: Շնորհակալություն»:

Այս մասին տեղեկացնում են ԱԳ նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ