Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդիպել է Վիետնամի Ազգային Ժողովի նախագահ Նգուեն Թի Կիմ Նգանի հետ: Քննարկվել են երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները: Կարևորվել է ՀՀ-ում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության դեսպանատուն ունենալը:
Տիկին խոսնակը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու երկրների խորհրդարանականների համատեղ նախաձեռնություններին:
ՀՀ Աժ փոխնախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել գործընկերոջ՝ Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակ Թոն Թին Ֆոնգի հետ: Կողմերն ընդգծել են, որ միջխորհրդարանական հարթակում նպաստելու են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության խորացմանը: Վիետնամի խորհրդարանի փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ բարեկամական խմբի աշխատանքներն իրենց դերակատարարումն են ունենում փոխգործակցության զարգացման գործում:
Վահե Էնֆիաջյանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որը հարկավոր է արդյունավետ օգտագործել՝ ի շահ երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
Այցի շրջանակում նախատեսված են Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի մի շարք աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վիետնամի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։