Դատավոր Աննա Դանիբեկյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
Նրա խոսքով՝ գրավի դիմաց ազատ արձակման մասին միջնորդության հարցով դատարանի նախորդ որոշումը ճանաչել է քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, սակայն համարել է, որ կան կասկածներ գործընթացի վրա ճնշման վերաբերյալ:
«Չնայած դրան՝ դատախազները շարունակում են պնդել այդ կետը: Եվ ես կարծում եմ, որ այդ առումով որոշակի անհարգալից վերաբերմունք կա դատավորի նկատմամբ։ Այժմ օրենքով գրավ է կիրառվում թեթև դեպքերում: Սակայն պրակտիկայում կիրառվում է նաև ծանր գործերի մասով, քանի որ մարդու իրավունքներն ավելի առաջնային են: Դատարանները կիրառում են եվրոպական պրակտիկան՝ չնայած նրան, որ այն հակասում է հայրենական օրենսդրությանը»,-ասաց Խուդոյանը:
Այդ համատեքստում փաստաբանը հիշեցրեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանը նախկինում նմանատիպ դեպքերում գրավ է կիրառել:
«Այստեղ մենք երկակի ստանդարտներ ենք տեսնում»,-նշեց փաստաբանը՝ շեշտելով, որ արդեն երկրորդ անգամ դատարանն անտեսում է ՍԴ որոշումները: