Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության մղելու համար պատժի խստացման մասին օրինագիծը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:
Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ զինծառայողին զորամասում կամ զինծառայությունը կրելու այլ վայրում մեկ ուրիշ զինծառայողի կողմից մինչև ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նաստացնելու միջոցով կամ անուղղակի դիտավորության ճանապարհով կամ ինքնասպանության անզգույշ կատարումը, կամ ինքնասպանության փորձերը, պատժվում է 3-ից մինչև 8 տարվա ազատազրկմամբ: Նույն գործողությունը՝ կատարված անձանց խմբի կամ վերադաս ղեկավարության կողմից, որոնք իրականացվել են պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կատարելիս, պատժվում են 5-ից մինչև 10 տարվա ազատազրկմամբ: Այս հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ, պատժվում են 7-ից մինչև 12 տարվա ազատազրկմամբ:
Օրինագիծը դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայներով:
