Իսպանիայում վնասազերծել են հայերի խմբավորում, որը զբաղված էր թենիսի պայմանավորված խաղեր կազմակերպելով, հայտնում է Ria.ru-ն։
Վնասազերծման արդյունքում ձերբակալվել է 15 մարդ։
Ընդհանուր առմամբ գործով անցնող 83 անձանցից 28-ը պրոֆեսիոնալ մարզիկներ են։
Խմբավորման անդամները նախապես կապ էին հաստատում ITF Futures և Challenger կատեգորիաներում խաղացող թենիսիստների հետ ու պայմանավորվում հանդիպման արդյունքի շուրջ։
Նախնական տվյալներով խմբավորումը գործել է 2017 թ. փետրվարից։ Այս ամիսների ընթացքում խմբավորման եկամուտը հասել է մի քանի միլիոն եվրոյի։
Պայմանավորված խաղեր կազմակերպողների վնասազերծման գործողությունը կատարվել է դեռ 2018 թ. հոկտեմբերին, սակայն դրա վերաբերյալ տեղեկատվությունն իսպանացի իրավապահները տարածել են օրերս։
Գործով Իսպանիայի 9 շրջաններում անցկացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է 167 հազար եվրո, բանկային քարտեր, հրազեն, թանկարժեք մեքենաներ և թանկարժեք զարդեր։
Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման անդամակցելու, փողերի լվացման, խարդախության, ապօրինի հրազեն ունենալու ու անձնական միջոցների ապօրինի յուրացման համար։