Օսմանյան կայսրությունում 1915թ․ Հայոց ցեղասպանության ճանաչման Սենատի բանաձևի ընդունումը անպատասխանատու քայլ է, որը երկարաժամկետ վնաս կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը։
«Բանաձևը ոչ մի լավ բան չի բերի Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին։ Այն պատմության մեջ կմտնի որպես ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամների անպատասխանատու և իռացիոնալ գործողություն Թուրքիայի դեմ։ Նրանք պատասխանատվություն կկրեն երկու երկրների հարաբերություններին երկարաժամկետ վնաս հասցնելու համար»,-գրել է նա Twitter-ում։
Նա հիշեցրել է, որ իրենք ասել են, որ պատմությունը ոչ թե պետք է բաժանի ժողովուրդներին, այլ միավորի նրանց։
«Սակայն ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ վերջին ամիսներին ամեն կերպ փորձում էին անտեսել ՆԱՏՕ-ում իր դաշնակցի տեսակետն ու զգոնությունը, և անպատասխանատու էին գործում՝ հարվածի տակ դնելով երկու ազգերի և երկրների կապերը»,-գրել է պաշտոնյան։