Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Brexit-ն իրականացնելու մանդատ ստացավ բնակչությունից: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով դեկտեմբերի 12-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններից հետո ձայների հաշվման ընթացքում: Նախնական արդյունքներով՝ պահպանողականները վստահորեն առաջ են մրցակցից։
«Սրանք պատմական ընտրություններ են, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրագործելու բրիտանական ժողովրդի կամքը, բարեփոխելու այս երկիրը, և դա մենք կսկսենք անել վաղը»,-հայտարարել է վարչապետը:
Ջոնսոնը վստահորեն ընտրվել է խորհրդարանում՝ ապահովելով 25 հազար մարդու աջակցությունը: Մեծ Բրիտանիայում բոլոր նախարարները՝ ներառյալ վարչապետը, պարտավոր են լինել խորհրդարանի անդամներ: Ուստի Համայնքների պալատում չընտրվելու դեպքում քաղաքական գործիչը կորցնում է նախարարների կաբինետ մտնելու իրավունքը: Համայնքների պալատում իր տեղը պահպանել է նաև նախորդ վարչապետ Թերեզա Մեյը:
650 ընտրատեղամասերից 440-ում քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով պահպանողականները նվաճել են 231 մանդատ՝ 32-ով ավելի, քան 2017 թվականին, ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունն ստացել է 153 մանդատ՝ 43-ով պակաս, քան երկու տարի առաջ։