Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Ուրեմն ուշադիր կարդացե՛ք, իմ գործունեությունը պղծություն կոչողներ։ Ձեզ բոլորովին չի հետաքրքրում այն փաստը, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Մեծ Սեպասար բնակավայրում, կախվելու միջոցով կյանքին վերջ է տվել 27-ամյա մի կին, որը մանկահասակ երեխաների մայր էր:
Ըստ համայնքի ղեկավարի՝ երիտասարդ կինն այդ քայլին կարող էր գնալ երեխաների հետ շփումից զրկված լինելու պատճառով: Նա ամուսնացած էր Սպիտակ քաղաքում: Մոտ մեկ ամիս առաջ ամուսինը նրան բերել է Մեծ Սեպասար՝ մոր մոտ, իսկ երկու երեխաներին զրկել նրա հետ շփումից:
Սա ամենևին եզակի դեպք չէ։ Այս պահին բազմաթիվ մայրեր տառապում են ու սպասում պատկան մարմինների կողմից իրենց հանդեպ արդար վերաբերմունքի, սակայն թե՛ խնամակալության մարմինները, թե՛ նույնիսկ դատարաններն ու դատական ակտերի կատարման համար պատասխանատու մարմինները, ցավալիորեն, դեռևս շարունակում են սահմանային վիճակում թողնել մայրերին՝ խեղելով նաև երեխաների ճակատագիրը։
Ձեզ ուզում եմ պատմել նաև Էմմայի մասին, որի կյանքը նույնպես ավատվել է ինքնասպանությամբ։
Նա 2000 թվականին ամուսնացել է: Ամուսնությունը ծնողների որոշմամբ է եղել: Մինչ 2004 թվականն ունեցել է երկու երեխա՝ աղջիկ և տղա:
2004 թվականից ի վեր, երբ ՌԴ-ից վերադարձել է ամուսնու քույրը, ընտանիքում խժդժություններ են սկսվել: Մի քանի անգամ Էմման ընտանեկան բռնության հետևանքով վերադարձել է հայրական տուն, հաշտվել է ամուսնու հետ, ապա նորից վերադարձել է։ 2009 թվականին Էմման ունեցել է իր երրորդ երեխային, սակայն, այնուամենայնիվ բռնությունները շարունակվել են։ Սկեսուրն ու ամուսինը նյարդաբանից թուղթ են վերցրել, որտեղ գրված է եղել՝ խորը դեպրեսիա Էմմայի մոտ, բայց ամուսինն ու սկեսուրը ողջ համայնքով տարածել են, որ Էմմայի մոտ հոգեկան առողջության խնդիրներ են և ինչ-որ կերպ նաև Սևանի հոգեբուժարանում հաշվառման են ներկայացրել:
Ամուսինը Էմմայից վերցրել է երեխաներին, մոր դեմ է տրամադրել, որի արդյունքում երեխաները չեն ցանկացել մորը տեսնել կամ շփվել նրա հետ: Ամուսինը երեխաների հետ միասին տեղափոխվել է Խարբերդ, նորից ամուսնացել և ևս մեկ երեխա է ունեցել:
Էմման ապրել է Մարտունու իր հայրական տանը: Ավագ որդին որոշ ժամանակ անց սկսել է գաղտնի հեռախոսակապ հաստատել մոր հետ: Հերթական հեռախոսազրույցի ժամանակ հայրը նկատել է, զայրացել է որդու վրա և արգելել այսուհետ խոսել մոր հետ: Այս ամենից հետո Էմման, այն մտքից, որ ցանկացած իր հետ շփումից հետո երեխաները կպատժվեն և երբեք չի տեսնի իր երեխաներին, կախվելու միջոցով ինքնասպան է եղել 2016 թվականի հունվարին:
Ի դեպ, այս ընտանիքը Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարում ելույթ է ունեցել, որտեղ, առաջին հայացքից կրթված, մանկավարժ սկեսուրը սարսափելի նվաստացնում է Էմմային, որն, ի դեպ, նրա աշակերտուհին է եղել։ “Մանկավարժ” սկեսուրը ինքն է գնացել Էմմայի ձեռքը հայրական տնից խնդրելու, բայց հստակ երևում է՝ բերելու որպես աղախին ու ծառա։
Հաղորդումը կոչվում է “Պաշտոնաթող Էմման”, և ինձ շատ հետաքրքիր է, թե այդ հաղորդումն ինչպե՞ս նպաստեց կնոջ կյանքի բարելավմանն ու արդարության վերականգնմանը։
Նաև՝ այդ հաղորդման սիրահարներին եմ ուզում ուղղել հարցս, ի՞նչ եք զգում դուք, երբ ձեր աչքի առջև՝ նման սկեսուրները, նվաստացնում են իրենց թոռների մորը:
Դուք ուրախանում եք հեռուստաէկրանների առջև, երբ կանայք հասնում են հուսահատության, և արդյունքում՝ ինքնասպան լինում»։
https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/3017230594966387