ՀՀ սպառողները ջրի, էլեկտրաէներգիայի համար կշարունակեն վճարել գործող սակագներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա վկայությամբ՝ էներգետիկ համակարգում առկա խնայողությունները հնարավորություն են տվել, որ ԱԷԿ-ի ծառայության ժամկետը երկարացնելու նպատակով, վարկի մարումը սակագնում ներառելով հանդերձ, սակագնի բարձրացում տեղի չի ունեցել: Վարկի մարման 21 մլն դոլարի վերադարձ է ներառվել:
Նշենք, որ ԱԷԿ-ի ծառայության երկարացման համար վարկի մայր գումարի մարման ժամկետը 2020թ. հունվարից է սկսվելու:
Ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա սպառողները կվճարեն գործող 180 դրամով: Հիշեցնենք, որ 2019թ. համար հանձնաժողովը հաստատել էր 191 դրամ սակագին, սակայն սպառողները վճարում էին 180 դրամով, 11 դրամ սուբսիդիան տրամադրում էր կառավարությունը:
Գազի սակագնի փոփոխության վերաբերյալ ՀԾԿՀ նախագահը չխոսեց, ասելիքը նույնն էր՝ մինչև եկող տարվա ապրիլ գազի սակագինը չի բարձրանա: