Այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին, նշեց, որարձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից :
Վարչապետը ներկայացրեց իրենց առաջարկը, որի մասին խոսել է նաև երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ:
«Առաջին, այս պայմանը արձանագրում է, որ մինչև փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին և պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաև շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել:
Երկրորդ, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության և խտության նախընտրելի քարտեզ, և մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ սպանդանոցները ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն:
Երրրոդ, այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի»,-նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ ըստ այս արդյունքների՝ պայմանավորվում ենք, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երևանի սուպերմարկետներն ու Երևանում հանրային սննդի օբյեկտները:
«Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, և որևէ ցույց չի լինելու»,-հավելեց նա։
Վարչապետն ընդգծեց, որ եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն այս որոշումը կկայացվի:
«Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ պայմանն էսօրվանից է գործում: Թող այսօրվանից ընդունելի չլինի»,-շեշտեց նա։
Վարչապետը նշեց նաև, որ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ պայմաններում են գործում։
«Մարդիկ հաճախ չգիտեն, որ սպանդանոցներն ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա կենդանիների գլխաքանակը, եթե գլխաքանակի տերերը նման ցանկություն ունեն»:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի: