fbpx
Խորհրդարան

Կառավարող թիմը զբաղվում է վարկանիշափրկությամբ․ Էդմոն Մարուքյանի արձագանքը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում, հակադարձելով խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանին, կատարել է գրառում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։

Երեկ իմ շատ սիրելի գործընկեր Լենա Նազարյանն էլ տրվեց իշխանական խմբային «հարձակվիր, որ պաշտպանվես» բնազդին ու որոշեց դատափետել մեզ։ Իհարկե, ԱԺ փոխխոսնակի զգացմունքային որոնումները անպատասխան թողնել չի կարելի, քանի որ այդ թեմայով մենք էլ շատ ասելիք ունենք։

Տիկին Նազարյանն ասում է, թե «Լուսավոր Հայաստան»-ը խցանվել է անցյալում։ Ուզում եմ հասկանալ, արդյոք այս խոսքերն իսկապես իրե՞նն են։ Ինքն է գրե՞լ, թե փոխխոսնակի միջոցով երրորդ մեկն է խոսում։ Եթե մտքերն այս Նազարյանինը չեն, ապա նրա հետ մենք քննարկելու ոչինչ չունենք, իսկ եթե՝ ոչ, ապա ցավում եմ, քանի որ նա էլ փաստացի մոլորության մեջ է ու փորձում է անցյալի պատրանքով կոտրել ապագայի հեռանկարը։

Բայց իրականում կարևոր էլ չէ, թե ով է այդպիսի բարձրագոչ ու ապաքաղաքական տեքստեր արտաբերում, անկարևորությունից անդին ընդամենը ուզում ենք արձանագրել հետևյալը․

Կառավարող թիմը ոչ միայն խցանվել է անցյալում, այլ նաև քարացել է ու այլևս ի զորու չէ առաջ շարժվել, քանի որ ապրում է 2018 թ․ ապրիլով։ Ավելին, մնացել է դրա ծանր ազդեցության տակ՝ կորցնելով իրականության զգացողությունն ու սթափ դատելու կարողությունը։ Հաղթանակի փառքն ու դրան հաջորդող հիվանդագին փառասիրությունը կուրացրել են հեղափոխական թիմին՝ դարձնելով դրան անգործունյա։
Իրականում հենց հեղափոխականներն են խցանվել իրենց կոմֆորմիզմի և պատեհապաշտության տիրույթում։ Խցանվել են իրենց աշխատասենյակներում ու աշխարհին նայում են կառավարական փոքրիկ պատուհաններից ու այնքան թեթևությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում կոմֆորմիզմի դեմ։

Խցանվել են իրենց ծառայողական մեքենաներում ու այնպիսի ինքնավստահ դեմքի արտահայտությամբ, որ կարծես թե, իրենք չէին ժամանակին պայքարում պադավատիզմի դեմ։

Խցանվել են իրենց կառավարական առանձնատներում՝ մոռանալով իրենց իսկ կողմից շեշտադրված հայտնի ճշմարտությունը․ աղքատ երկրում չի կարելի ցոփ ու շվայտ կյանքով ապրել։

Խցանվել են իրենց խոսքերի մեջ, ավելին՝ դարձել են իրենց իսկ խոստումների գերին, քանի որ ամեն օր նոր խոստում տալն ու հաջորդ օրը դրա մասին մոռանալը, իսկապես մազոխիզմ է հիշեցնում։

Խցանվել են իրենց աշխարհացունց և տիեզերական պնդումների մեջ, քանի որ ամեն ուրբաթ հերքում են երկուշաբթի օրվա պնդածն ու համոզածը։

Խցանվել են իրենց աննախադեպ ռեֆորմների մեջ, քանի որ ոչինչ չեն կարողանում մինչև վերջ կյանքի կոչել՝ ստիպված լինելով ամեն անգամ նահանջել ու հետաձգել, քանի որ անվճռական են ու անհետևողական։

Խցանվել են իրենց հանճարեղ կադրերի ընտրության գործում, քանի որ փառահեղ ռեֆորմատորները ամեն օր հեղինակազրկում և արժեզրկում են հեղափոխությունն ու կառավարող թիմին։

Խցանվել են իրենց քաղքենի բյուրոկրատիզմով, քանի որ իրենց գործընկերներին վերևից են նայում, խցանվել են դատարանները շրջափակելով և ամբողջ աշխարհի առջև խայտառակ լինելով։ Խցանվել են ընդդիմության սահմանադրական իրավունքները սահմանափակելով, քանի որ նույնիսկ մի ԱԺ նիստ էլ ըստ պատշաճի չեն կարողանում կազմակերպել։
Խցանվել են հին ու նոր Հայաստանի միջանցքներում և չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ շարժվել։

Խցանվել են վարկանիշը բարձր պահելու տենդագին ձգտումների մեջ ու իրական բարեփոխումներ անելու փոխարեն զբաղվում են վարկանիշափրկությամբ։

Խցանվել են վիճակագրական մանիպուլյացիաների ու մշտապես առաջինը լինելու ձգտումների մեջ։

Խցանվել են իշխանական քեֆերում և խրախճանքներում։

Խցանվել են ֆեյսբուքում և այն աստիճան, որ պետությունը կառավարում են ֆեյսբուքով։

Խցանվել են մուլտֆիլներում և ընդդիմությանը ակնարկներ են ուղարկում մուլտ հերոսների միջոցով։

Իսկ ամենավատն այն է, որ նրանք չեն հասկանում, որ դարձել են հին Հայաստանի արատավոր բարքերի, ավանդույթների և մոնոպոլ իշխանության ժառանգորդները։

Սթափվեք, ընկերներ, տիկնայք ու պարոնայք, սթափվեք, քանի դեռ ուշ չէ։ Հետո չասեք, թե Մարուքյանն ու Լուսավորը չեն զգուշացրել ու չեն էլ օգնել։ Այս պահի դրությամբ մենք փորձում ենք օգնել ձեզ, որ վերջապես սթափվեք»։

https://www.facebook.com/marukyan.edmon/photos/a.902917169780011/3413284552076581/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ