fbpx
Հասարակություն

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմում ոտքերը կորցրած Դավիթի և Սոնայի հարսանիքն է

Հունվարի 26-ին Ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած հերոս Դավիթի և Սոնայի հարսանիքն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Դավիթը ասաց, որ մեծ հարսանիք են անելու՝ 500-ից ավելի հյուրերով: Դավիթ Գրիգորյանը նշանադրվել էր 2018 թվականի փետրվարի 24-ին:

«Դեռ նախորդ տարի էինք ուզում հարսանիքն անել՝ չստացվեց: Նոյեմբերյանի հարսանեկան տանը կանենք: Օրն էլ հունվարի 26-ն ենք որոշել, պատահական է ընտրված: Ավանդական հայկական հարսանիք է լինելու, էն, որ հայաթում ցուլիկ են մորթում. դեռ ես էլ մանրամասները լավ չեմ պատկերացնում», – պատմեց Դավիթ Գրիգորյանը:

Մեր հարցին, թե ինչպես է ինքնազգացողությունը և տրամադրությունը, Դավիթը պատասխանեց. «Հրաշք է»: Դավիթը Գրիգորյանը «Գալիք» համալսարանի Իջևանի մասնաճյուղում իրավագիտություն էր սովորում, սակայն հայտնեց, որ կրթությունը կիսատ է թողել. «Չէի կարողանում սովորել, երկար նստել չէր ստացվում դասերի ժամանակ, երրորդ կուրս էի, դուրս եկա»:

Ապրիլյան պատերազմի հերոսի կյանքում մեր նախորդ զրույցից հետո շատ բան չի փոխվել, ապրում է իր առօրյայով: Բարեհաջող վիրահատություն է տարել Երևան քաղաքի Մուրացանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Ինքնազգացողությունից չի բողոքում, ասաց, որ լավ է: Շարունակում է ամեն ամիս պարտադիր բուժզննում անցնել: «Հունվարի 8-ին եկել էի Երևան, որ վիրահատվեմ, բայց փոշմանեցի, հետձգեցինք հարսանիքից հետո»,-ասաց նա:

Դավիթը ոչ մի դեղորայք չի օգտագործում, բուժզննումներն ու վիրահատությունն անվճար են, իսկ պետության կողմից ստանում է 55 հազար դրամ զինհաշմանդամի թոշակ:

Դավիթ Գրիգորյանն ապրում է Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան գյուղում: Ապրիլյան պատերազմի հերոսը պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, որին ի վիճակի կլինի, սակայն ասաց, որ որևէ աշխատանք դեռ չի գտնում: Նստակյաց կյանք չի սիրում, և չնայած երկու ոտքերն էլ կորցրել է ու պրոթեզների օգնությամբ է շարժվում, միևնույն է՝ գերադասում է ակտիվությունը:  

Դավիթից հետաքրքրվեցինք, թե հետագայում բուժումը դրսում շարունակելու կարիք ունի՞ արդոք. Ապրիլյան պատերազմի հերոսն ասաց, որ դրա կարիքն ամենևին էլ չկա, բացի այդ էլ չի ուզում Հայաստանից բացի ուրիշ տեղ ապրել, և անկախ ամեն ինչից՝ չի գնալու:

Հաղորդում է armtimes.com-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ