Մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների ընթացքում ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարահանելու դեպքերի առթիվ հարուցվել է 7 քրեական գործ:
Հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես քննության առարկա է ընդունվելու ինչպես լուսանկարահանման բուն նպատակի և շարժառիթների, այնպես էլ դրա միջոցով ընտրողի քվեարկության արդյունքները վերահսկելի դարձնելու հնարավոր դրսևորումների բացահայտումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Հադրութի շրջանի Տումի համայնքում այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ: Երկու քրեական գործ է հարուցվել նաև Մարտունու շրջանում արձանագրված՝ քվեախցիկում միաժամանակ երկու անձի գտնվելու և, հետևաբար, քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերի առթիվ: Հիշյալ քրեական գործերն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը, որի շրջանակում առերևույթ հանցագործության հատկանիշների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող հրապարակումների գրանցման և ընթացքավորման արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
ԱՀ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կոմիտեում վարույթ են ընդունել՝ մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով հարուցված շուրջ հինգ քրեական գործեր, որոնց վերաբերյալ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։
Այս մասին հաղորդում է ԱՀ Դատախազության մամլո ծառայությունը։