Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջով անդրադարձավ երեկ՝ մայիսի վեցին, տեղի ունեցած հորդարատ անձրևի և հեղեղատար համակարգերի հետ կապված խնդիրներին:
Գրառումը ստորև.
«Քաղաքի հեղեղատար համակարգի խնդիրը բացվեց հերթական անգամ: Հեղեղատար համակարգերի գլոբալ խնդրի մասին կխոսեմ վերջում, բայց նախ ասեմ, որ Երեւան քաղաքի հեղեղատար համակարգերի շահագործումը, պահպանումը եւ սպասարկումը, դեռ 2006-ից, պայմանագրով իրագործում է «Վեոլիա գրուպ» ընկերությունը: Երեւանի քաղաքապետարանը պայմանագրի կողմ չէ. պայմանագրի կատարման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեն:
Այնուհանդերձ, քանի որ սա քաղաքային ենթակառույց է եւ սրա անխափանության հարցը անմիջականորեն վերաբերում է քաղաքի բնակիչներին, Երեւանի քաղաքապետարանը որոշակի գործառույթ իրականացնում է. մասնավորապես, կոմունալ ծառայության աշխատակիցները պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքում առաջարկներ են ներկայացնում Վեոլիային, խնդիրների դեպքում օգնում են դրանց հետեւանքների վերացման գործում: Ինչպես, օրինակ, երեկ, երբ մեր կոմունալի աշխատակիցների օգնությամբ խցանումից մաքրվել են նախագահական նստավայրի տարածքի անձրեւատար ուղիները: Քաղաքապետարանի առաջարկությամբ նաեւ նոր հեղեղատարներ են կառուցվում, եւ եթե նկատել եք, մի քանի թունելներում, որտեղ տարիներ առաջ պարբերաբար ջուր էր կուտակվում, երեկվա անձրեւը խնդիր չի առաջացրել:
Ինչ վերաբերում է հեղեղատար համակարգի անկատարության խնդրին ընդհանրապես, պետք է նշել, որ անցած տասնամյակների ինտենսիվ ու հաճախ չնորմավորված կառուցապատումը եւս իր զգալի ազդեցությունը թողել է: Օրինակ, Պռոշյան փողոցի անձրեւային հոսքերը, որոնք ժամանակին լցվում էին Հրազդանի ձորն ու խառնվում գետի ջրերին, այժմ «բախվում են» ձորի երկայնքով կառուցված օբյեկտների պարիսպներին ու շարունակում են իրենց ճանապարհը Պռոշյանն ի վար՝ դեպի Լուսավորիչ ու Արշակունյաց պողոտա: Կամ, հենց երեկվա ամենադիտարժան դեպքը՝ Բաղրամյան 26-ի գարաժների հեղեղը, թերեւս չէր լինի, եթե վերեւում գտնվող Անտառային փողոցի կառուցապատման ընթացքում մանրամասն հաշվի առնվեին կառուցապատման ազդեցությունները, նախագծվեին անհրաժեշտ ենթակառույցները եւ այլն:
Ամեն դեպքում, կրկնեմ, թեեւ խնդիրը քաղաքապետարանի ուղիղ լիազորությունների շրջանակում չէ, հեղեղատար համակարգերի հարցով մներ մասնագետները պարբերաբար զբաղվում են»:
https://www.facebook.com/photo.php?fbid=10218800755755710&set=a.1737506403213&type=3