Հայաստանի ՀՆԱ-ն 3,5% անկում կապրի համավարակի տնտեսական ազդեցության պատճառով: Այս մասին ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր՝ մայիսի 13-ին հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021թ.՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։
Ըստ այդ հրապարակման՝ «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»:
Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից:
Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»:
Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։
«Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվի հասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին»-, նշված է զեկույցում:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: