ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդուն մայիսի 21-ին հրավիրել են հարցաքննության մեղադրյալի կարգավիճակով:
Նրա պաշտպան՝ փաստաբան Ամրամ Մակինյանին դեռ ծանոթ չէ ո՛չ մեղադրանքը, ո՛չ էլ մեղադրանքի հիմքը: Փաստաբանին միայն հայտնի է, որ գործով տուժող ներգրավված անձը Սևանի Հարսնաքար ռեստորանային-հյուրանոցային համալիրի նախկին տնօրենն է, որը Հայաստանում չէ. «Բայց ենթադրում եմ, որ այդ անձը հարցաքննվել է տեսակապի միջոցով, դրա համար էլ նույն պայմաններով Ռուբեն ու Ռաֆիկ Հայրապետյաններին հարցաքննելու միջնորդություն եմ ներկայացրել, եթե վարույթ իրականացնող մարմնին ընդունելի է տեսակապով հարցաքննությունը, թող այս դեպքում էլ նույն կերպ հարցաքննեն»: Մեր զրուցակիցն ասաց, որ այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. «Նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար քրեական գործ հարուցելու, քրեական հետապնդում սկսելու համար»:
Մեր հարցին, թե ինչու տարիներ առաջ Հայրապետյանները հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Երբ որ անձին ներում են իր կատարածի համար, ոնց հասկանում ենք բարով պետք է հետ գա, ոչ թե չարով, բայց Հայրապետյանների բարությանն այսպես են պատասխանում: Մեղադրանքն էլ դեռ չգիտեմ, դրա համար չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչում է պաշտպանյալս մեղադրվում»:
Այս մասին տեղեկանում ենք aravot.am-ից: