Հունիսի 5–ին ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել, դա ի՞նչ է նշանակում. անփորձության, անարդյունք աշխատանքի հետևանք է։
«Համավարակը հունվարից է սկսվել, բայց մեզ մոտ մինչև մարտի 4–ը ոչ մի աշխատանք չէր կատարվել, ոչ մի խնդիր չէր լուծվել։ Տվյալ իշխանությունը պարտավոր էր հունվարից հարցեր կարգավորել, թե դեղորայքի համար, թե դիմակների համար, արտադրվեր, ներկրվեր, մաքսատներում հրաման տրվեր, որ ոչ մի հատիկ դուրս չգա։ Թեստերի խնդիրը կարգավորվեր, մարտի 4–ին թեստեր գոյություն չեն ունեցել, օդանավակայանում պարտադիր պետք է թեստեր լինեին»,– նշել է Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանի խոսքով՝ բոլոր երկրներում համավարակը գնալով մարում է, իսկ Հայաստանում թվերը գնալով մեծանում են. «Հայաստանում դառնում է 400, 500, 600, 700 դեպք։ Դա գալիս է անպտուղ, անարդյունք աշխատանքից, որի համար մարդիկ պետք է պատասխան տան մահերի համար, վիրուսը տարածելու համար։ Մենք 3 միլիոն ենք, ավելի լավ է՝ 3 միլիոն հատ ամենալավ թեստերից բերեն, որ բոլոր մարզերում, հիվանդանոցներում թեստավորեն։ Ցանկացած քաղաքացի այսօր պատրաստ է իր խիղճը հանգիստ լինելու համար թեստավորվի, տեսնի հիվանդ է, առողջ է, և հարցը լիարժեք կկարգավորվի, այլ ոչ թե ամեն քայլին՝ փակել, տուգանել»։
https://www.facebook.com/GagikTsarukyan/videos/1209285099439051