ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետներն այսօր ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում․ դիտարկված տնտեսավարողների շրջանակում են եղել սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, գրասենյակներ, սպասարկման սրահներ, դեղատներ, գեղեցկության և ատամնաբուժական կենտրոններ, հայտնում են ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ԱԱՏՄ տեսուչները մանրամասն դիտարկում են՝ որքանո՞վ են պահպանվում պարետի սահմանած նորմերը։ Մշտադիտարկումներն իրականացվում են սահմանված ձևաչափով, որում կետ առ կետ արձանագրվում է՝ պատշաճ կերպո՞վ են արդյոք իրականացվում ախտահանման, ջերմաչափման ու դրանց արդյունքների գրանցման աշխատանքները, առկա՞ են արդոք փակվող աղբամաններ և գծանշումներ, պահպանվո՞ւմ է սոցիալական հեռավորությունը, առկա՞ են գծանմուշներ և այլն։ Ակտիվ ստուգայցերը շարունակվում են նաև մարզերում և մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում։ Իսկ նախորդ օրերին ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների հիմքով շարունակվում են նաև կասեցումները, ինչպես սահմանված է ՀՀ պարետի որոշմամբ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այսօր, ի թիվս տասնյակ այլ տնտեսվարողների, ժամանակավորապես կասեցվել է նաև Երևանում գործող «Տաշիր» առևտրի կենտրոնի գործունեությունն ամբողջությամբ։ Նախորդիվ ԱԱՏՄ աշխատանքային թիմն այստեղ արձանագրել էր հիմնական տարածքներում արտաքին շփման մակերեսների ախտահանման, ոսկու շուկայի տարածքում՝ սոցիալական հեռավորության պահպանման, գծանշումների, իրազեկման պաստառների փակցման և այլ թերություններ։ Տնտեսավարողը պատրաստակամություն է հայտնել շտկել դրանք։
Ստուգայցերին հաջորդող կասեցումները շարունակվում են նաև մարզերում։
ՀՀ ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով սահմանված կանոնները։ Չպահպանելու դեպքում սահմանված է վարչական պատասխանատվություն։