ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, որը տեղի ունեցավ հունվարի 10-ին, քննարկեց 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձեւաչափը։ Ժողովը արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության լրջագույն սպառնալիքների առջեւ։ Գործող վարչախմբի քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան։ Այս համատեքստում, ՀՅԴ-ն որոշեց մասնակցել 2026 թ. ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձեւաչափին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասուլիսում նշեց, որ կուսակցությունը նպատակ ունի ակտիվ բանակցություններ վարել հավանական դաշինքի ձեւաչափի վերաբերյալ, որպեսզի ապահովի ՀՅԴ-ի նշանակալի դերակատարությունը։ Նա ընդգծեց, որ 2026 թ. ընտրությունները պետք է վերածվեն գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, որպեսզի ստեղծի ավելի ուժեղ եւ ազդեցիկ դաշինք։

