Այսօր` հունիսի 25-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեվ Հայաստանում պանդեմիայով պայմանավորված իրավիճակը:
«Նախորդ օրվա ընթացքում ունեցել ենք ռեկորդային բացարձակ թիվ՝ 771 նոր դեպք, կատարվել է 2336 թեստ: Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է:
Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են գտնվում տանը: Մնացած 49-ը գտնվում են այլ հիվանդանոցներում: Այս իմաստով վիճակը լավ է:
Մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղեր կան, բայց դա շատ արագ է տեղի ունենում: Կարիք ունեցող և բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է:
Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին»,-հայտնեց նախարարը: