Ի՞նչն էր Իրանում զանգվածային բողոքի իրական տրիգերը

Հրապարակող՝

Arman Vardanyan

Ամենադիտվածներ

Փորձենք հասկանալ։
Հիշենք, որ Իրանը փակ տնտեսական մոդել ունեցող երկիր է։
Իրանը երկար ժամանակ կիրառել է տարբեր կարգավորումներ՝ անհրաժեշտ ներմուծումը վերահսկելու համար, որպեսզի ինֆլացիան և ազգային արժույթը չտուժեն։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ կարգավորումները ձախողվեցին։

Եվ այսպես, մինչ հանրային ընդվզումը Իրանում փաստացի գոյություն ուներ արտարժույթի բազմաստիճան (multi-rate) համակարգ, որը հասարակական խոսքում հաճախ ներկայացվում է որպես «երկու կուրս», բայց իրականում ավելի բարդ է։

Ինչպես է աշխատում արտարժույթի համակարգը Իրանում

Դոլարի կուրս №1
Կա պաշտոնական (պետական) կուրս, որը սահմանվում է կառավարության և Կենտրոնական բանկի կողմից։
Այս դոլարի կուրսը կիրառվում է՝
ռազմավարական ապրանքների ներմուծման համար (սնունդ, դեղորայք),
պետական ծրագրերի շրջանակում։
Այս կուրսը սովորաբար շատ ցածր է շուկայականից։
Օրինակ (պայմանական)՝
Պաշտոնական կուրս՝ 1 USD = 42,000 ռիալ։
Այս կուրսին սովորական քաղաքացին ազատ հասանելիություն չունի։
Դոլարի կուրս №2
Բանկային / NIMA համակարգի կուրս։
Կիրառվում է բանկերի և խոշոր բիզնեսի համար։
Ավելի մոտ է շուկայականին, բայց դեռ վերահսկվող է։
Օրինակ՝
Բանկային կուրս՝ 1 USD = 300,000–400,000 ռիալ։
Սրան հասանելիություն ունեն միայն արտահանողները, ներմուծողները և խոշոր տնտեսվարողները։
Դոլարի կուրս №3
Ազատ կամ սև շուկայի կուրս։
Սա իրական շուկայական գինն է, քանի որ պետության կողմից չի սուբսիդավորվում։
Ձևավորվում է փողոցում, փոխանակման կետերում և օգտագործվում է քաղաքացիների մեծ մասի կողմից։
Օրինակ՝
Ազատ շուկա՝ 1 USD = 500,000+ ռիալ։
Սա է այն կուրսը, որով մարդիկ իրականում ապրում են։

Ինչու է պետությունը պահում «երկու (կամ ավելի) կուրս»
Տեսական նպատակը՝ պաշտպանել սոցիալական խավերին, էժան պահել առաջին անհրաժեշտության ապրանքները, վերահսկել արտարժույթի հոսքը։
Իրական հետևանքները `կոռուպցիա (էժան դոլար → թանկ վաճառք),
արտոնյալ խմբերի հարստացում, շուկայի աղավաղում, վստահության կորուստ ռիալի նկատմամբ։
Մարդիկ հասկանում են, որ «իրական գինը» այլ է, և սկսում են փախչել ռիալից։

Ինչու է սա նպաստում արժեզրկմանը
Պետական կուրսը ոչ ոք լուրջ չի ընդունում։
Ազատ շուկան դառնում է իրական չափանիշը։
Արդյունքում պետական քաղաքականությունը հակառակ ազդեցությունն է ունենում։ Իրանում արտարժույթի «երկու կուրսը» ոչ թե կայունացնող մեխանիզմ է, այլ խոր ճգնաժամի և անվստահության նշան։

Պատմականորեն նման համակարգերը (ԽՍՀՄ, Վենեսուելա, Արգենտինա) գրեթե միշտ ավարտվել են արժույթի նոր փլուզմամբ կամ կտրուկ ռեֆորմով։

Դեկտեմբերի վերջին շաբաթում. ինչ որոշում կայացրեց ներկա վարչակազմը
Ներկա վարչակազմը (Ռայիսիի կառավարությունը) սկսեց աստիճանաբար հրաժարվել 42,000 ռիալ «արտոնյալ» կուրսից, հատկապես՝ սննդամթերքի, դեղերի և առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման համար։
Երբ արտոնյալ կուրսը հանվեց, հացը, ալյուրը, ձեթը և դեղերը միանգամից թանկացան։
Մարդիկ դա ընկալեցին ոչ թե որպես «տնտեսական ռեֆորմ», այլ որպես կյանքի վատթարացում։
Քանի որ պետության ռեսուրսները այլևս չէին հերիքում սուբսիդավորելու վերոնշյալ դոլարի կուրսերը, սոցիալական սուբսիդիաների կտրուկ վերացումը՝ արտարժույթի քաղաքականության փոփոխության անվան տակ, դարձավ զանգվածային դժգոհության տրիգեր։

Եվ մի կարևոր դրվագ․
արտոնյալ դոլարի կուրսի հիմնական շահառուները պետական գնումներ իրականացնող պաշտոնյաներն էին, բանկերը և խոշոր բիզնեսը։ Այս կատեգորիաները հիմնականում կապված էին Իսլամական հեղափոխության պահապանների համակարգի հետ։

Իսկ ամենամեծ կորուստը կրեց ժողովուրդը, որը և դուրս եկավ բողոքի։

Փաստացի պետությունը փորձեց ճգնաժամի գինը տեղափոխել հասարակ քաղաքացու վրա, և եղավ այն, ինչ եղավ։
Երբ մարդը չի կարող հաց գնել, ֆինանսական ռեֆորմները դառնում են քաղաքական պայթուցիկ։

Հաշվի առնելով, որ պետությունը ապագայում ևս չի կարողանալու սուբսիդավորել սոցիալական ծրագրերը, Իրանում վարչակազմի տապալումը միջնաժամկետ հեռանկարում է։

Բայց կա մի խնդիր․ ինչով փոխարինել գործող վարչակազմը։ Շահի որդուն Իրանի ժողովուրդը չի ընդունում։ Սա նույնիսկ Թրամփն է ասել։ Թրամփը գիտակցում է, որ քանի դեռ չկա ընդունելի այլընտրանքային ուժ, վարչակազմը փոխելու փորձին աջակցելը կհանգեցնի երկարատև անվերահսկելի քաոսի, ինչը բիզնեսի համար ձեռնտու չէ։

Արման Վարդանյան

Ամենաթարմ