Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ կործանիչներ։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան «Sputnik Արմենիա»-ի հարցմանը։
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30 ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։
Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 1–ին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ ինքնաթիռներ ձեռք բերելու գործընթացը մոտ է ավարտին։ Նա հաղորդել էր նաև, որ եզրափակիչ փուլում են 100 միլիոն դոլար ռուսական վարկի շրջանակում սպառազինություններ առաքելու մասին բանակցությունները։
Աղբյուր՝ galatv.am