Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր նոր միտք, հերոսություն չներկայացնել: Ազգային հավաքականներում եղած տարիները որպես մարզիկների աշխատանքային ստաժ ճանաչելու մտահաղացումն իմն է եղել և նախագծի վրա արդեն կա կատարված ծավալուն աշխատանք: Եթե պետք է, կարող եմ տրամադրել, ավարտին հասցնի նախագիծը:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը:
ՀԲՖ նախագահը գովելի է համարում Ազգային ժողովում մարզաշխարհի ներկայացուցիչ ունենալը: «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որն օրենսդիր աշխատանքը համատեղում է մարզիկի կարիերայի հետ:
«Բազմիցս արտահայտվել եմ նոր կառավարության, ղեկավարության մասին, որ շատ եմ ուզում՝ նրանք հաջողեն և պատրաստ եմ ամեն ինչով օգտակար լինել: Ցավոք՝ ոչ բոլոր ոլորտներում եւ ուղղություններով կարելի է հպարտությամբ խոսել. վտանգներ եւ մտահոգություններ կան: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:
Շատ գովելի է, որ Ազգային ժողովում ունենք մարզաշխարհի ներկայացուցիչ՝ ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի: Հուսամ՝ նրան կհաջողվի ավարտին հասցնել մեր կիսատ թողած գործերը:
Սակայն, օրերս աչքովս ընկավ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունն այն մասին, որ նա հանդես կգա հավաքականներում եղած տարիները մարզիկների աշխատանքային ստաժ համարելու նախագծով եւ հայտնել էր, որ այդ ուղղությամբ կաշխատի:
Ուզում եմ Արսեն Ջուլֆալակյանին տեղեկացնել, որ այդ աշխատանքն արդեն արված է, ԱԺ-ում այդ նախագիծն արդեն ներկայացվել է, աշխատանքը տարվել է, գոյություն ունի արդեն իսկ աշխատած, սոցապնախարարության, միջազգային մասնագետների հետ ստեղծած մեծածավալ փաթեթ: Այս նախագծի նախաձեռնողներից մեկը սպորտի մասով ես եմ եղել: Պիտի խնդրեմ Արսենին շարունակել և ավարտին հասցնել այդ աշխատանքը: Եթե կհաջողի, գովելի կլինի, բայց պետք չի ներկայացնել, որպես նոր միտք, որպես հերոսություն:
Նախագիծը վերաբերվել է ոչ միայն մարզիկներին, այլ նաեւ ուսանողներին: ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանի առաջարկով նախագծում մեր կողմից առաջարկվել է նաեւ ուսանողների պրակտիկան ճանաչել որպես աշխատանքային ստաժ: Այս նախագծի վրա աշխատել ենք ես և Արման Սաղաթելյանը:
Սրա մասին մենք՝ Արսենի հետ, բազմիցս խոսել ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ուզում եմ ասել, որ այդ նախագիծը նորություն չէ, և դա իմ միտքն է եղել: Նախագծի փաթեթն ինձ մոտ է: Եթե ցանկություն կա աշխատել այս նախագծի վրա, միայն ուրախ կլինեմ տրամադրել արդեն կատարված ծավալուն աշխատանքը:
Ի դեպ, գովելի է նաև, որ Արսեն Ջուլֆալակյանը համատեղում է օրենսդիր մարմնում իր աշխատանքը մարզական կարիերայի հետ: Սա աննախադեպ քայլ է Հայաստանի պատմության մեջ: Լիահույս եմ, որ նա մարզական կարիերայում կշարունակի բարձր նվաճումներ ունենալ և դրան զուգահեռ հաջող աշխատանք տանել օրենսդիրում»,- ասաց Արթուր Գեւորգյանը: