fbpx
Հասարակություն

Փոփոխվելու է լրատվամիջոցներին անհատույց կերպով տարածքներ հատկացնելու կարգը

«Հետք»-ը գրում է

«Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ նամակ է ստացել պետական գույքի կառավարման կոմիտեից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 շենքում զբաղեցրած իր տարածքը: Լրատվամիջոցին այլ տարածք տեղափոխելու առաջարկ չի արվել, իսկ գործակալությունն այժմ ունի 26 աշխատակից, որոնց այլ տարածք տեղափոխելու որևէ այլընտրանք չունի:

«Հետք»-ի հետ զրույցում «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմանուիլ Մկրտչյանն ասաց՝ նամակում նշվել է, որ պետգույքի կառավարման կոմիտեի նախաձեռնությամբ՝ փոփոխություն է կատարելու կառավարության՝ 2011 թվականի որոշման մեջ, որով ԶԼՄ-ներին հնարավորություն է տրվելու անհատույց կարգով պետական որոշ շենքերում տարածք զբաղեցնել՝ վճարելով միայն սպասարկման վարձը: Մկրտչյանի տեղեկացմամբ՝ այդ շենքում չորս սենյակ են զբաղեցնում արդեն 20 տարի և ամսական որպես սպասարկման գումար 100 հազար դրամ վճարում:

«Ուրիշ բան է` եթե իրենք գան, ասեն՝ պետության համար ձեր չորս սենյակը մեզ շատ է անհարաժեշտ, և ձեզ նույն հիմունքների վրա տալիս ենք ինչ-որ տեղ մամուլի շենքում: Խոսեցի պետական գույքի կառավարման կոմիտեի վարչության պետի հետ, չեմ հիշում նրա ազգանունը, ասեցի՝ բա ի՞նչ անենք, գնանք ավտոտնակ վարձե՞նք, ասում է՝ ինչ ուզում եք արեք, գնացեք ավտոտնակ վարձեք: Սա ցնիզմի աստիճան է»,- նշեց Մկրտչյանը:

Գործակալության տնօրենի խոսքով՝ եթե կառավարությունը որոշի փոփոխություն կատարել 2011 թվականի այդ որոշման մեջ, դա արդեն կարտահայտի իշխանության վերաբերմունքը չորրորդ իշխանության նկատմամբ: Էմանուիլ Մկրտչյանն ասում է՝ բոլորն էլ գիտեն, որ լրատվամիջոցները երկրի զարգացման գործում շատ մեծ դեր են կատարում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ մասին խոսել է:

Մկրտչյանը ընդգծում է, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը դեպի արտերկիր տեղեկատվություն մատակարարելու գործում մեծ դեր ունի:

Մկրտչյանը նախկինում խոսակցություններ է լսել, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այդ շենքի տեղում «չորս աստղանի» հյուրանոցային համալիր կառուցելու ցանկություն է ունեցել.

«Բայց երբ հեղափոփությունը եղավ, հասկացանք, որ երևի մեզ բոլորիս հանգիստ կթողնեն: Երբեք պարտք չենք ունեցել: Ամեն տարի մենք գնում էինք Հարկային, թուղթ էինք վերցնում, թե որքան աշխատակից է աշխատում մեզ մոտ և որքան եկամտահարկ է վճարում: Այդ թուղթը տանում էինք պետական գույքի կառավարման կոմիտե, որտեղ համոզվում էին, որ մենք լուրջ ԶԼՄ ենք, ոչ 1-2 համակարգիչ ունեցող լրատվամիջոց, ավտոմատ ձևի երկարացնում էին այդ պայմանագիրը»,- ասաց գործակալության տնօրենը:

Նշենք, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը գործում է 1991 թվականից:

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնեցին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությանը տարածքից չեն վտարելու։

Պարզաբանեցին, որ լրատվամիջոցին անհատույց կարգով տրված տարածքի պայմանագրի ժամկետը ավարտվել է և նոր պայմանագիր չի կնքվել, քանի որ տվյալ կարգին վերաբերող կառավարության 2011 թվականի որոշման մեջ փոփոխություններ են կատարվելու։

Կոմիտեի հաղորդմամբ՝ նման ծանուցագրեր ուղարկվելու են մամուլի և Իսահակայն 28 փողոցի շենքերում տեղակայված այն լրատվամիջոցներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է կամ ավարտվելու է։

Պետական գույքի կառավարման կոմիտեից վստահեցնում են, որ կառավարության տվյալ որոշման մեջ փոփոխություն կատարելիս քննարկումներ են ունենալու այն լրատվամիջոցների հետ, որոնք պետական շենքերում անհատույց կարգով տարածք են զբաղեցնում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ