fbpx
Կառավարություն

Կառավարությունն ընդունեց դատավորներին սոցիալական փաթեթում ներառելու մասին որոշումը

Կառավարություն այսօրվա նիստի օրակարգում էր դատավորներին սոցիալական երաշխիքներ տալու, մասնավորապես սոցիալական փաթեթում ներառելու վերաբերյալ հարցը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ասելով.

«Անկախ դատական համակարգի գոյության նախապայմաններից է սոցիալական ապահովության ուղղված երաշխիքների ապահովումը, նախատեսվում է դատավորներին, այդ թվում ՍԴ և ԲԴԽ դատավորներին ներառել սոցիալական փաթեթի շրջանակներում»,-ասաց Զեյնալյանը:

Նա մանրամասնեց, թե որ ծառայություններից կարող են օգտվել՝ հանգստի կազմակերպում, վարկային գծի մարում, առողջապահական ծառայություններ: Նախարարն առաջարկեց ընդունել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ իրենք առաջարկել էին նաև այլ պետական պաշտոնյաների ներառել խմբում, ինչը, սակայն, չի ընդունվել:

«Հունվարի 25-ին կառավարություն է ներկայացվել որոշման փոփոխության նախագիծ, որով նախատեսվում է ընդհանուր խմբի սոցփաթեթների ապահովման առաջարկ, որը կարող է քննարկվել, որովհետև այս պարագայում խոսքը մոտավոր 750 մարդու մասին է, որոնցից 224-ն են դատավորներ: Առաջարկում ենք համապարփակ նախագիծ, որը կվերաբերի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որքանով նպատակահարմար կլինի և ինչ ֆինանսական բյուջե կպահանջվի, քննարկենք նախագծի շրջանակներում, առաջարկում ենք միայն դատավորների հարցը չներառել, մեր առաջարկն արել ենք, բայց չի ընդունվել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց պատճառներով, Զեյնալյանը պարզաբանեց, որ սա դատական իշխանության անկախության երաշխիքների մաս է կազմում:

«Մեր մոտեցումը հետևյալն է. ՍԴ մասին օրենքը և դատական օրենսգիրքը տարբերակում են. ՍԴ դատավորները և ԲԴԽ անդամները պետք է ունենա սոցիալական երաշխիքներ, մենք խնդիրը տեսնում ենք կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելով, պետք է նրանք առանձացված լինեն մյուս խմբերից»,-ասաց նախարարը:

Իսկ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը նշեց, որ իրենք շրջանառել էին բարձրաստիճան և ինքնավար պաշտոնյաների ընդգրկելու հարցը: Նա հավելեց, որ խոսքը 5000 մարդու մասին է:

Վարչապետի` հավանություն արտահայտող ելույթից հետո որոշումն ընդունվեց:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ