Փետրվարի 22-ին ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ընդունել է ՀՀ սպորտի վարպետ, ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ով տասնօրյա ժամկետով Արցախում է ԱՀ ծանրամարտի ասոցիացիայի հրավերով:
Ողջունելով հյուրին` Նարինե Աղաբալյանն ասել է, որ արցախցիները միշտ հպարտացել են ծանրորդուհու հաջողություններով ու ձեռբերումներով: Այս մասին հայտնում են Արցախի ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից:
«Դուք ձեր անցած ուղով ցույց եք տվել, որ պետք է ձգտել ու հասնել վերջնական հաղթանակի՝ կարողանալով հաղթահարել բոլոր փորձություններն ու անհաջողությունները: Մենք սպորտը դիտարկում ենք ոչ միայն որպես մարզումների միջոցով կոփվելը, այլև օլիմպիական սկզբունքների դաստիարակումը»,-մասնավորապես ասել է ԿԳՍ նախարարը և հավելել, որ պետական քաղաքականության շնորհիվ վերջին տարիներին մարզական կյանքն Արցախում ավելի է աշխուժացել, ինչի արդյունքում տարբեր մարզաձևերից Արցախն ունի խոստումնալից մարզիկներ:
Նազիկ Ավդալյանը վստահեցրել է, որ մարզիկի և մարզչի իր փորձը սիրով կփոխանցի արցախցի երեխաներին։ «Սպորտը մարդու մեջ բնավորություն է ձևավորում, կամքի ուժ, ձգտում՝ դեպի վերջնական նպատակ: Սպորտում հաղթանակներ գրանցելու համար առաջին հերթին անհրաժեշտ են կամային որակներ, համապատասխան մարզագույք,հատուկ վերաբերմունք մարզիկների նկատմամբ։ Ծանրամարտը կարող է զարգանալ Արցախում։ Այստեղ կան խոստումնալից, հրաշալի երեխաներ»,- ասել է ծանրորդուհին և ընդգծել, որ ինքը պարբերաբար կլինի Արցախում ու կաշխատի օգնել արցախցի մարզիկներին:
Հանդիպման վերջում Նարինե Աղաբալյանը Նազիկ Ավդալյանին խորհրդանշական նվերներ է հանձնել և հրավիրել ամռանն Արցախում կայանալիք ԿոնԻՖԱ-ի Եվրոպայի առաջնությանը։
Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԿԳՍ փոխնախարար Աշոտ Դանիելյանը։
Հաղորդել է armtimes.com-ը։