fbpx
Քաղաքականություն

Այս հրադադարը զինադադար չի և չի կարող դառնալ. Միքայել Հայրապետյան

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, Պահպանողական կուսակցության նախագահը Միքայել Հայրապետյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«ԱՅՍ ՀՐԱԴԱԴԱՐԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՉԷ ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ

10.10.2020թ.

Ք. Երևան

Ներկա պատերազմը, որի գինը վճարում են տարածաշրջանի ժողովուրդները, շարունակությունն է հետսառըպատերազմյան Ռուսաստանի շուրջ հրե օղակ ստեղծելու և անդամահատելու մեծ պատերազմի: Այն նոր փուլ մտնելու շեմին է՝ հոկտեմբերի 30-ի՝ Վրաստանի համապետական և նոյեմբերի 3-ի՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների ֆոնին:

Ռուսաստանում ձեռք բերված այս հրադադարն առաջին հերթին հենց ռուսական կողմին է հասցեագրված: ՌԴ-ի պետական ինստիտուտները հրադադարի ընթացքում կա՛մ իրենց սահմանից միջազգային ահաբեկչությունը կհասցնեն հեռացնել և իշխանափոխություններ իրականացնել մասնավորապես Ադրբեջանում, կա՛մ Ռուսաստանը մեկընդմիշտ կհեռանա տարածաշրջանից՝ այն թողնելով կենաց-մահու քաոսի մեջ:

Ի դեմս Ռուսաստանի՝ չունենք հուսալի դաշնակից, քանի որ ինքն է կանգնած խոշոր ցնցումների եզրին: Ի դեմս ԱՄՆ ներկա վարչակազմի՝ չունենք հուսալի դաշնակից, քանի որ Կովկասում Ռուսաստանի դեմ իր քայլերն անում է ահաբեկչությունը պատերազմի մեջ ներքաշող Թուրքիայի ձեռքով: Ի դեմս Եվրոպայի՝ չունենք հուսալի դաշնակից, քանի որ արժեքային իր դավանանքին հավատարիմ լինելով հանդերձ՝ զուրկ է ազդեցիկ լծակներից: Եվ միայն Ֆրանսիայի հստակ դիրքորոշումն անզոր է դեպքերի ընթացքի վրա. դա տեսանք կիպրական ափերի մոտ վերջին զարգացումների ժամանակ:

Ներհայկական ամեն մի փոխադարձ անվստահություն՝ թե՛ իշխանությունների և թե՛ իշխանազրկվածների կողմից, ռազմական դրության պայմաններում ցանկացած պարտազանցություն, ժամկետանց յուրաքանչյուր նացիոնալ-ռոմանտիզմ կամ նիհիլիզմ կարող են ճակատագրական լինել գոյութենական այս կռվում, ուստի ներազգային ուժերի գերլարումն է մեր միակ հուսալի դաշնակիցը:

Ճակատագրի բերմամբ՝ մեր հայրենակտորն ու ազգը հայտնվել են քաղաքակրթական արյունալի դիմակայության առաջնագծում և ունեն պատմական առաքելություն հայ ժողովրդի հավերժականության և քաղաքակիրթ մարդկության ապագայի առջև:

Հակաահաբեկչական և Հայրենական այս պատերազմում պարտավորված ենք հաղթել և միմիայն հաղթել:

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն/

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն/»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=338412924047000&id=100036348847179

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ