fbpx
Քաղաքականություն

Սրանով թուլացնում են բանակի մարտունակությունն ու ժողովրդի դիմադրողականությունը․ Խուրշուդյան

Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ինչպես հայտնի է, Արցախյան պատերազմի օրերին ռազմաճակատի տարբեր հատվածներում խուճապ տարածելու նպատակով թշնամու/թշնամիների գործակալների կողմից քարոզչություն է իրականացվել, թե «իզուր եք կռվում, Նիկոլը հողերը ծախել է, փախեք կյանքներդ փրկեք»։

Հիմա նույն քարոզչությունը իրականացնում են 16-ի ուժերը, թե բա «պատերազմը ծախված էր, հողերը ծախված էին, այժմ էլ Սյունիքն ենք հանձնում, եթե իշխանությունը մեզ չտաք՝ Հայաստանն էլ կկորցնեք»՝ սա էլ արվում է Հայաստանում առկա ընկճախտը խորացնելու, բանակի մարտունակությունը և ժողովրդի դիմադրողունակությունը թուլացնելու նպատակով։

Առանց դատավճռի առկայության ռազմական դրության պայմաններում երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը դավաճանության մեջ ցանկացած մեղադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջին 20 տարիներին Հայաստանը ղեկավարել են հակապետական տարրեր, որոնք հանուն աթոռների և թալանը շարունակելու հնարավորության վերադարձի պատրաստ են ցանկացած հակահայկական գործունեության։

Հայաստանի Հանրապետությունը, Հայկական բանակը, որոշ բացթողումներով, բացասական երևույթներով հանդերձ միայնակ վարել են փառահեղ, արժանապատիվ, անհավասար պատերազմ թշնամու բազմակի գերազանցող ուժերի հանդեպ, որը բաղկաղած է եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի զինված ուժերից և ջիհադիստ վարձկաններից։ Հայաստանը թեև ստիպված է եղել համաձայնվել հրադադարի պայմաններին, որոնց համաձայն ստիպված է եղել դուրս բերել հայկական զորքերը երեք շրջաններից, սակայն որևէ կապիտուլյացիոն համաձայնագիր չի ստորագրել։ Այսօր էլ Հայաստանի բանակը ի զեն կանգնած է Հայաստանի սահմաններին, իսկ Արցախի պաշտպանական բանակը՝ ռուսական զորքերի հետ համատեղ՝ Արցախի հանրապետության չորս շրջաններում։ Ընդ որում, քանի դեռ չկա որևէ երկկողմանի վավերացված խաղաղության համաձայնագիր, կան նախադրյալներ միջնաժամկետ կտրվածքում վերականգնել Արցախի ինքնիշխանությունը առնվազն նախկին ԼՂԻՄ սահմաններում և այնտեղ վերադարձնել հայ բնակչությանը։

Մերկանտիլ, պատեհապաշտ նկատառումներով հայտարարել, թե Հայաստանը վարել է ծախված, այն է՝ անիմաստ պատերազմ, նշանակում է անարգել ոչ միայն հայկական բանակին և հերոսաբար զոհված զինվորների և սպաների հիշատակը, նրանց հարազատներին, այլև ամբողջ հայ ժողովրդին»։

https://www.facebook.com/hovsep.khurshudyan/posts/10158670344842199?__cft__%5B0%5D=AZXUtd6tE8pAS32Htcb9nSfY4JRT9RZKNlhamp7W76AMyAnu8qZlBEOkuv49ST5q5qEnpNQSHG_HlAmzjRwBJrkFr61TTkCOtsJzuFDroAPF2rFxALxLxwLtKo6aVnrZbDo&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ