Հանրությունները մանիպուլացվում են ամենատարբեր մեթոդներով և վաղուց, և դրանցից թերևս ամենահզոր մեթոդը վախն է։
Այսօր Հայաստանի քաղաքացին վախի թակարդում է։
Վախեցի՜ր։
Վախեցի՜ր, հայաստանցի, նախկինների վերադարձից։
Վախեցի՜ր թուրքից։ Սորոսից։ Պուտինից։
Նաև՝ կովիդից։ Կովիդի դեմ պատվաստումից էլ։ Սփյուռքից, նույնիսկ, վախեցի՜ր, ու ըստ այդմ՝ ընտրություն արա վատի ու ավելի վատի միջև, քանզի չունես այլ հնարավորություն։
Մեզ կրկին բերեցին կանգնեցրին նույն կետում. ընտրությունը վատի և ավելի վատի մեջ է։
Պատերազմում մղձավանջային պարտություն գրանցած Հայաստանի ղեկավարը պատերազմի ավարտից երեք ամիս հետո կազմակերպում է հանրահավաք (վիրուսային համաճարակի օրերին !!!), որ ցուցադրի որ ինքը…. լեգիտիմ է։ Քանզի այլևս չէ։
2018 թվականին Փաշինյանն ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, որովհետև պետք էր մերժել նախկիններին։ Փաշինյանն ու իր թիմը կարծես ամեն կերպ ուզում են մոռանալ սա. հիշեցնենք՝ դուք ընտրվել եք ոչ թե ձեր արժանիքների համար, այլ որովհետև մերժվել են նախկինները։ Չկա առանձնապես մի հպարտանալու բան, այլևս նախկին լեգիտիմներ, այլևս համարյա նախկիններ։
2018 ից հետո շատ ջրեր են հոսել ու Հայաստանում տեղի են ունցել սարսափելի իրադարձություններ։ Գործնական կոնտրակտներում սա կոչվում է force majeure. Ֆորսմաժորից հետո գործարքները կորցնում են իրենց ուժը։ Ֆորսմաժորը չեզոքացնում է պայմանագիրը, քանզի մի կամ երկու կողմերն այլևս չեն կարող շարունակել պայմանավորվածությունը, քանզի ժողովրդի կողմից Պետության կառավարումը, որպես դրա գործիք, ընտրվող ղեկավարին վստահելը հե՜նց այդ պայմանագիրն է, որով քաղաքացին համաձայնվում է ստանձնել որոշ պարտավորություններ, իսկ կառավարիչը՝ ապահովել ժողովրդի անվտանգությունն ու բարեկեցության հնարավարությունը. վարչապետ Փաշինյանը չի բավարարել պայմանագրի իր մասը, ուստի 2018 ին Հայաստանի Հանրապետության լեգիտիմ ընտրված վարչապետը 2020 ի նոյեմբերի 10 ից հետո չունի այլևս նույն լեգիտիմությունը, և հրաշալի գիտակցում է սա։ Սա գիտակցում են նաև ռևանշիստ նախկինները, որ ատամները սրած սպասում են անկյունում. սրանք, որ երբևէ՜ չեն եղել լեգիտիմ։
Լեգիտիմության կրիզիս ապրող վարչապետը, որի օրոք Հայոց հանրության հուսահատության ու ուժասպառության աստիճանը նորանոր բարձրունքներ է հաստատում, հանրապետության հրապարակում իր թիմի հետ զբաղվում է քաղաքական խմբակային ինքնաբավարարմամբ, հետո քայլում, իր ժպտադեմ կնոջ ու կուսակցիների հետ, նկարվում, նկարները տեղադրում համացանցում, ինքնաբավարարման ընթացքում չմոռանալով բարձրաձայն գոռալ՝ « Վերջ թավիշի՜ն, վերջ թավիշի՜ն, վերջ թավիշի՜ն»։
Սրան զուգահեռ՝ մերժված ու վաղուց իրենց սպառած նախկիններն էլ անկյունից են գոռում, ատամները սրած ու մի’շտ պատրաստ քրքրել առանց այդ էլ ուժասպառ մեր երկիրը, խարխլել նրա առանց այդ էլ կիսաքանդված հիմքերը։
Հայաստանի Հանրապետության հրապարակում հերթական անգամ գողացվում է ժողովրդավարությունը, Ազատության հարապարակում՝ սպանվում բանականությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացին երեսուն տարի անդադար ցնցումներից, պայքարից, արհավիրքներից, պատերազմներից, հեղա-իշխանափոխություններից, տարատեսակ ու հնարավոր բոլոր մղձավանջներից հետո այսօր նորից եկել կանգնել է իր կոտրված տաշտակի առաջ ու ունի նույն ընտրությունը՝ վատի ու ավելի վատի միջև . մի կողմում՝ տասնամյակներով Հայաստանի ռեսուրները սեփական հարստացման համար մսխած, Հայաստանի հանրապետության արյունը քամած հանցավոր կոռումպացված ու քաղաքականապես ամուլ նախկինները, մյուս կողմում՝ կառավարման երեք տարիների ընթացքում պետության կառավարման բացարձակ անընդունակություն ցուցաբերած, թերի հնարավարորություններով ու պատկերացումներով, պատերազմում երկիրը պարտության մատնած, հսկայական քանակությամբ զոհեր բերած, ցայսօր ռազմագերիների ու երկրի սահմանների անվտանգության հարցերը լուծելու անընդունակ, անկարող ներկաները։
Այս երկու խմբակները որոշել են, որ իրենք են այսուհետև տնօրինելու Հայաստանի Հանրապետության ներկան ու ապագան, ու որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսքը չունի ասելու։ Իրենք իրենցով կորոշեն, քաղաքացին հանրաքվե է՞ ուզում, թե՞ արտահերթ ընտրություններ չի ուզում, պիտի ասի «այո» կիսանախագահական սիստեմին, թե՞ ընդհանրապես պիտի լռի ու դիմանա, քանզի 2018 ին գնացել է քիմերի հետևից, հիմարացված։
Ինչ՞ է մնում մեզ անել։ Ոմանք ասում են՝ համբերել, ոմանք՝ արտագաղթել ու մոռանալ։
Մեզ համոզել են, որ մենք այլևս ուժ չունենք, որ վատ է, որ մենք քրիստոնյա ենք, վատ է, որ Նժդեհ ենք ունեցել, վատ է, որ միայն հայերեն ենք ուզում խոսել մեր հայրենիքում։
Մինչդեռ՝
Մեր պատմական անցյալից Մեսրոպ Մաշտոցը խորհրդանշում է պետության և մշակույթի պահպանման ազգային սկզբունքը, Գրիգոր Լուսավորիչը ՝ Հայաստանի արմատավորումը քրիստոնեական արժեքներում, Գարեգին Նժդեհը՝ դիմադրության իրավունքը: Միասին, նրանք խորհրդանշում են ընդհանուր հայրենիքի հանդեպ մեր նվիրվածության մեջ քաղաքական, հասարակական և մշակութային հակասությունները հաղթահարելու մեր կարողությունը: Այս խորհրդանիշներով նկարագրված հիմնարար ուղերձը՝ ինքնորոշում և ոչ թե ինքնիշխանության հանձնում, մատչելի է բոլորիս համար ՝ անկախ մեր կարգավիճակից և ապրելատեղից: Սա հենց հայկական գաղափարի բաղկացուցիչ ուժն է:
Հայաստանյան քաղաքական դաշտի խմբակները, որոշները՝ խորհրդային դարաշրջանի ժառանգությամբ, որոշները՝ արժեհամակարգային անճշտության հետևանքով, պահպանում են խաթարված հարաբերությունները հայրենիքի հետ: Հայաստանի նկատմամբ սրանց անսեր պահվածքը վնասակար է մեր երկրի և ապագայի համար։
Երբ հրաժարվում ես պարտավորվել հայրենիքիդ, չպետք է զարմանաս զուգահեռ գոյացությունների շատանալուց, կլինեն դրանք տարատեսակ ազդեցությունների գործակալներ, ծայրահեղական հոսանքներ, կասկածելի օրակարգեր,որոնք զբաղեցնում են դատարկ տարածությունը և որոնց ուղիղ թիրախն է մեր Հայրենիքն այսօր։
Հայրենիքը ժխտողներն ու արհամարհողները են, որ փորձում են ընդմիշտ ոչնչացնել հայկական ինքնության հիմքերը։ Հայկական ինքնության ու, ըստ այդմ, Հայաստանի ինքնիշխանության գոյությունը վտանգող գործընթացներն այսօր նոր օրակարգով են մտնում հարթակ, մեզ առաջարկելով վերջնականապես ամրագրել մեր վասալությունը, և սա անընդունելի է։
Ֆիքսենք այն պարզագույն ճշմարտությունը, որ Հայաստանի Հանրապետությունը մեր միակ հայրենիքն է, լինենք մենք հայաստանցի թե սփյուռքահայ։
Հասկանանք, որ Հայրենիքը խթանում է համախմբվածությունը: Գիտակցենք սա։
Պայմանավորվենք, որ յուրաքանչյուրս իր վրա վերցնում է այնքան պատասխանատվություն, որքան կարող է՝ Հայաստանում և Սփյուռքում։
Որոշենք, որ մենք հոգ ենք տանում մեր Հայրենիքի բարեկեցության մասին, ինչպես անձնական առօրյա կյանքում, այնպես էլ մեր քաղաքական դիրքերում: Բացառապես՝ մեր Հայրենիքի ապագայի ու բարօրության հիմքերից։
Եվ երբ մեզ պարտադրվում է ընտրությունը վատի ու ավելի վատի մեջ, մեր մեջ ուժ գտնենք ու ստեղծենք այլընտրանք՝ Հայաստանի Հանրապետության ու Սփյուռքի համախմբվածությամբ։
Արուսյակ Հայրապետյան
Ալլա Գրիգորյան
«Ձայն» քաղաքական նախաձեռնության համահիմնադիրներ