«Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում․ դրանցից առաջինում ասվում է, որ իբր միջազգային աուդիտը չի հաստատել Ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամ ներկայացված ծախսերը, իսկ երկրորդում, թե Հիմնադրամից 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է։
Հիմնադրամի Facebook-ի էջում այս տեղեկությունների վերաբերյալ հայտարարություն է տարածվել, որում հերքվում են այդ լուրերը։
Առաջին տեղեկության վերաբերյալ Հիմնադրամը գրում է․ «Տեղեկությունը անհեթեթություն է և ապատեղեկատվություն, քանի որ միջազգային աուդիտը դեռևս ընթացիկ փուլում է և չի ավարտվել»։
Տարածված երկրորդ լուրի վերաբերյալ Հիմնադրամը գրում է, որ այն նույնպես ապատեղեկատվություն է։
«Նշենք նաև, որ այսօր տեղի է ունենալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առցանց նիստ, որտեղ կքննարկվեն ընթացիկ հարցեր, կընդունվեն որոշումներ: Նիստի արդյունքների մասին Հիմնադրամի մամլո ծառայությունը հանդես կգա ամփոփիչ հաղորդագրությամբ», – ասվում է գրառումում: