fbpx
Կրթություն

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

«Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը:

ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին:

«Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը:

Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:

«Ռեկտորների տարիքային սահմանափակման հետ կապված՝ սահմանվել է մինչև 70 տարեկան շեմը, կյանքում կան օրինակներ և այդ օրինակների հիման վրա է այս դրույթն ավելացվել, բայց չենք սահմանափակում պրոֆեսորադասախոսական գործունեությունը»,- պատասխանեց Վահրամ Դումանյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ