Ֆրանսիայում աղմուկ է սկսվել Ստրասբուրգում մզկիթ կառուցելու ծրագրերի շուրջ։ Չորեքշաբթի օրը ՆԳ նախարարությունը մեղադրել է Ստրասբուգի քաղաքային իշխանություններին հանրային միջոցները «արտաքին ազդեցությամբ» ֆրանսիական տարածքում օգտագործելու մեջ։ Այս մասին գրում է France 24-ը։
Մինչ նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ճնշել իսլամական ծայրահեղականությունը, որոնց նա մեղադրում է 2015 թվականից Ֆրանսիայում տեղի ունեցած մի շարք մահացու ահաբեկչությունների մեջ, Ֆրանսիայի արևելքում գտնվող քաղաքային իշխանությունները նախատեսում են հովանավորել մզկիթի կառուցումը։ Հարցը հատնվել է կառավարության ուշադրության կենտրոնում, քանի որ դրան աջակցում է թուրքական առաջատար մահմեդական միություններից մեկը:
Երկուշաբթի օրը Ստրասբուրգի քաղաքապետարանը, որը ղեկավարվում է Կանաչներ ներկայացուցիչ, ազգությամբ հայ քաղաքապետի կողմից, հավանություն տվեց 2.5 միլիոն եվրոյի (գրեթե 3 միլիոն դոլար) դրամաշնորհ տրամադրել Միլլի Գորուսի իսլամական համադաշնության (CMIG) ներկայացրած ծրագրին, որը համաեվրոպական շարժում է թուրքական սփյուռքի համար:
CMIG-ը Ֆրանսիայում երեք մահմեդական կոնֆեդերացիաներից մեկն է, որոնք հրաժարվել են ստորագրել նախագահ Մակրոնի առաջարկած ծայրահեղականության դեմ պայքարի նոր նախագիծը:
Մակրոնը ցանկանում է, որ միավորումները գրավոր պարտավորվեն հրաժարվել «քաղաքական իսլամից» և հարգեն ֆրանսիական օրենսդրությունը, քանի որ իրենք ձգտում են պայքարել արմատական իսլամի դեմ, որը համարվում է սպառնալիք երկրի աշխարհիկ համակարգի համար:
Մակրոնը, երեքշաբթի օրը հեռարձակված հարցազրույցում, նախազգուշացրեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններին Թուրքիայի միջամտելու մասին:
Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները խարխլվել են Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների շուրջ վեճերի և Ֆրանսիայում իսլամաֆոբիայի դեմ Թուրքիայի մեղադրանքների պատճառով:
ՆԳ նախարար Դարմանինը խնդրել է կառավարության տարածաշրջանային բարձրագույն ներկայացուցչին վարչական դատարան բողոք ներկայացնել`սուբսիդավորումը դադարեցնելու համար:
Ստրասբուրգի քաղաքապետ ժաննա Բարսեղյանը հայտարարել է, որ մզկիթի նախագիծը կա դեռ 2017 թվականից, մինչ իր ընտրվելը, և որ միջոցները տրվել են Միլլի Գորուսին, քանի որ ներկայացվել է ինչպես հիմնավոր ֆինանսավորման ծրագիր, այնպես էլ որպես «Հանրապետության արժեքների վերահաստատում»:
CMIG-ի ներկայացուցիչ Էյուփ Շահինը Ֆրանսպրեսին (AFP) ասել է, որ իր ասոցիացիան հրաժարվում է ստորագրել ծայրահեղ իսլամի դեմ պայքարի նախագիծը, քանի որ թույլ չի տրվել ամբողջությամբ մասնակցել դրա մշակմանը: «Դա արվել է երկու-երեք հոգու կողմից», – ասել է Սահինը: «Եթե մենք նախագծի տակ ստորագրենք, ապա դա կլինի այն, որի վրա բոլորս միասին ենք աշխատել»:
Մոտ օրերս Դարմանինը կրկին հանդիպելու է Մահմեդական հավատքի ֆրանսիական խորհրդի (CFCM) նախագահի հետ, որը մուսուլմանական կազմակերպությունների հովանոցային խումբ է, փորձելու համաձայնության գալ:
Արմնինե Հարությունյան